ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
Համաձայն այդ քննարկումների ժամանակացույցի՝ նոյեմբերի 1-ին կքննարկվեն բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը՝ իշխանության պետական և դատական մարմինների մասով, ինչպես նաև տարածքային կառավարման մարմիններին հատկացումները, և համայնքներին տրվող դոտացիաները:
Նոյեմբերի 2-ին օրակարգում 2017թ. պետբյուջեում նախատեսված եկամուտներն և ծախսերն են` սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների մասով: Նույն օրը կքննարկվեն նաև գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներին հատկացումները:
Նոյեմբերի 3-ին կքննարկվեն մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացումները, ինչպես նաև եվրոպական ինտեգրման մասով և միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների համար նախատեսված եկամուտներն ու ծախսերը:
Նոյեմբերի 4-ին օրակարգում բյուջեից առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտներին ու սփյուռքի հարցերով հատկացումներն են:
Մինչև նոյեմբերի 10-ը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում է. ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովները օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացնեն ԱԺ աշխատակազմ:
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում վերոնշյալ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձևավորված գրավոր առաջարկությունները կներկայացնի ՀՀ կառավարություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը