16 03 2022

Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի դիմաց․ ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդները կոչ են անում միանալ

Բողոքի ակցիա՝  ԱԳՆ-ի դիմաց․ ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդները կոչ են անում միանալ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել․

«Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար եւ անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։

Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։

Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ եւ կորուստների ոչ մի մանդատ չունի։

Սիրելի հայրենակիցներ,

կոչ ենք անում մարտի 17-ին միանալ մեզ՝ հակազգային իշխանություններին և աշխարհին ցույց տալու, որ

Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը։

Սիրելի հայրենակիցներ,

այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է եւ ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը։

Միացե’ք մեզ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից եւ քաղաքական հայացքներից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ