10 03 2022

Ճնշումներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում աուդիտորիա իրականացնող ընկերության նկատմամբ

Ճնշումներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում աուդիտորիա իրականացնող ընկերության նկատմամբ

Միջազգային բարձր վարկանիշ ունեցող, հանրությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում աուդիտորական գործունեություն իրականացնելու փաստով հայտնի «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ աուդիտորական ընկերության նկատմամբ շարունակական ճնշումներ են գործադրվում Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից։

Պատճառն այն է, որ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ աուդիտորական ընկերությունը չի անդամակցել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին և հակասահմանադրական է համարում 2019թ․ դեկտեմբերի 4-ին ընդունված ստորև նշված օրենքների մի շարք պահանջներ, և քայլեր են ձեռնարկվել դատական կարգով արդարության հասնելու համար։

 Ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր 2019 թվականին ընդունված օրենքներում

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք,  «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներն ընդունվել են 2019թ. դեկտեմբերի 4-ին։ Այդ օրենքների նոր խմբագրության նախաձեռնության հիմքում արտաքուստ դրվել էին աուդիտորական գործունեությունը բարելավելու խնդիրներ, մինչդեռ՝ գործնականում այն միտված էր գործող աուդիտորական կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտող, ակնհայտ անհիմն, սահմանադրականության հետ լրջագույն աղերսներ ունեցող պարտականություններ սահմանելուն, ինչպես նաև անխուսափելիորեն առերևույթ կոռուպցիոն ռիսկեր ներդնելուն, ինչը կատարվեց Հասարակական կազմակերպությանը՝ աուդիտորների և աուդիտորական ընկերությունների նկատմամբ իշխանական լիազորություններ օժտելու անընդունելի եղանակով։

Հարկ է նկատել, որ օրենքների ընդունումից հետո ինչ-ինչ պատճառներով կազմավորվել է բացառապես մեկ մասնագիտացված կառույց ՀԿ, ինչը ենթադրում է, որ աուդիտորները և աուդիտորական կազմակերպությունները զրկված են ընտրության հնարավորությունից և պարտավոր են անդամակցել հենց դե ֆակտո մենաշնորհային դիրք ձեռք բերած այդ աուդիտորական կառույցին՝ անկախ շահերի բախումից կամ անդամակցությունը բացառող այլ հանգամանքներից։ Ընդ որում օրենքում նշված չէ որ այդ կառույցը պետք է լինի գրանցված միայն ՀՀ-ում, սակայն, համաձայն նշված ՀԿ-ի պահանջի, այդ փաստը խնդիրներ և հավելյալ բեռ է ավելացնում ACCA միջազգային կառույցին անդամակցած աուդիտորների, իսկ ՀՀ ֆինանսական համակարգում գլխավոր հաշվապահների համար։

ՀԿ-ի կարգավիճակ ունեցող մասնագիտացված կառույցին անդամակցելու իմպերատիվ պահանջը, ինչը եզակի է հայրենական իրավական համակարգում, խորը հակասության մեջ է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված միավորումների ազատության հետ. «Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Շրջանցելով մասնավոր միավորմանը հարկադրաբար անդամագրվելու սահմանադրական նորմի պահանջը, վիճարկվող օրենքի վերը նշված նորմերով, ՀԿ-ի կարգավիճակ ունեցող, այսպես կոչված՝ մասնագիտացված կառույցին անդամակցելը ոչ միայն համարվել է պարտադիր, այլև այդ պարտականությունը չկատարելը արգելում է նշված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, բացի այդ, ոչ պետական կառույցը ոչ իրավաչափորեն տնօրինում է նաև ձեռնարկատիրական գաղտնիք կազմող տեղեկատվության:

Չպետք է անտեսել, որ այս պահի դրությամբ ողջ Հանրապետությունում գործում է միայն մեկ մասնագիտացված կառույց, ինչը մենաշնորհային գործունեության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի անհերքելի օրինակ է, որպիսի հանգամանքը խորը հակասության մեջ է Սահմանադրությամբ ամրագրված ազատ մրցակցության սկզբունքի հետ (11-րդ հոդված)։ Ավելին, ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով» (խնդիրն այն է, որ որևէ օրենքով մասնագիտացված կառույցների դե ֆակտո մենաշնորհային գործունեության տեսակ նախատեսված չէ)։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ Ֆինանսների փոխնախարարը:

Հասարակական միավորումների հարկադրաբար անդամակցելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը ևս անտեսված է։

Հատկանշական է, որ այս հասարակական կազմակերպությանը «չենթարկվելը» բավական ծանր հետևանքներ է ունենում բազմամյա փորձ ունեցող կազմակերպությունների վրա: Մասնավորապես, 2022 թ. հունվարի 27-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանի ստորագրությամբ ծանուցում-պարզաբանում հիշեցնող ակնհայտ անհիմն նույնաբովանդակ գրություններ է ուղարկվել բազմաթիվ իրավաբանական անձանց պատասխանատուների, հընթացս ներկայացնելով Պալատի անդամ աուդիտորական կազմակերպությունների ցանկը՝ նշելով, թե միայն դրանք կարող են ՀՀ-ում մատուցել աուդիտորական ծառայություններ: Սակայն համաձայն ՀՀ Վարչական դատարանի որոշման՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը արգելվել է պահանջել «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ «Աուդիտորական ծառայությունների իրականացման» լիցենզիան, և պահպանել «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ աուդիտորական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կարգավիճակը, ինչը և հավասարեցնում է ընկերությանը ռեեստրում գրանցված լինելուն՝ մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ աուդիտորական ընկերություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ