27 11 2021

Նշանակվող երկու տնօրեններ կամ քայլ դեպի փաշինյանական տոտալիտարիզմ․ Yerkir.am

Նշանակվող երկու տնօրեններ կամ քայլ դեպի փաշինյանական տոտալիտարիզմ․ Yerkir.am

Աղբյուրը՝ Yerkir.am

Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ:

Նախագծով առաջարկվում է դպրոցներում կառավարման լրիվ նոր մոդել, որի արդյունքում դպրոցները կունենան երկու տնօրեն. դպրոցի տնօրենի պաշտոնը կկիսվի 2 մասի՝ ուսումնական մասի տնօրեն և վարչատնտեսական մասի տնօրեն։ Ուսումնական մասի տնօրենը պատասխանատվություն է կրելու կրթության որակի, իսկ վարչատնտեսական մասի տնօրենը` շենքի և գույքի պահպանության համար։ Հիմնավորման համաձայն՝ դպրոցի կառավարման նմանօրինակ մոդել կիրառվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Ըստ նախագծի` ամեն դպրոց կունենա առանձին ուսումնական մասի տնօրեն, իսկ վարչատնտեսական մասի տնօրենը կիրականացնի մի քանի դպրոցների գույքի կառավարում։

Ընդհանուր առմամբ, այսօր դպրոցների տնօրենները չափազանց շատ են ծանրաբեռնված, և, իրոք, կարիք կա թեթևացնելու դպրոցի տնօրենի գործառույթները։ Այո՛, այսօր խիստ անհրաժեշտ է դպրոցի տնօրենի պաշտոնային պարտականությունների բեռնաթափում, սակայն նախարարության առաջարկած մոդելով ոչ միայն դպրոցում երկիշխանություն է հաստատվելու, այլ նաև հանրակրթության ոլորտի գերկենտրոնացում է տեղի ունենալու, քանի որ մի քանի դպրոցներ կունենան մեկ վարչատնտեսական գծով տնօրեն։

Ներկա կարգավորմամբ` Կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Եթե հավակնորդ թեկնածուներից որևէ մեկը հաղթող է ճանաչվում, ապա կրթության կառավարման լիազոր մարմինը (ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետը կամ մարզպետը) 5 տարվա աշխատանքային պայմանագիր է կնքում մրցույթում հաղթող ճանաչված հավակնորդի հետ։ Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությամբ` տնօրենի պաշտոնի հավակնորդ թեկնածուներն անցնում են Կառավարման խորհրդի սահմանած ընթացակարգերով, սակայն Կառավարման խորհուրդն ինքը չի որոշում,  թե թեկնածուներից որ մեկն է ճանաչվում հաղթող։ Այսինքն՝ Կառավարման խորհրդի ընթացակարգերով անցած թեկնածուներից որևէ մեկին մարզպետը,  ԿԳՄՍ նախարարությունը կամ Երևանի քաղաքապետը կճանաչի հաղթող և կնշանակի տնօրեն՝ 3 տարի ժամկետով։

Առաջարկվող իրավակարգավորմամբ՝ Կառավարման խորհրդից խլվում են տնօրենին ընտրելու լիազորությունները։ Խորհուրդը փաստացի գլխատվում է՝ վերածվելով ձևական մարմնի։  

Եթե ուսումնական մասի տնօրենը հաշվետու է տվյալ ուսումնական հաստատության կառավարման խորհրդին (իսկ մինչև 3000 բնակիչ ունեցող համայնքի ամեն դպրոց ունի իր առանձին կառավարման խորհուրդը), ապա հարց է առաջանում՝ մի քանի դպրոցներ կառավարող վարչատնտեսական գծով տնօրենն ո՞ւմ առաջ է հաշվետվություն տալու, ո՞վ է նրան վերահսկելու և այլն։

Եթե, իրոք, նախարարությունը մտածում է դպրոցի տնօրենի պաշտոնային պարտականությունների բեռնվածության նվազեցման մասին, ապա կարող է  ուժեղացնել փոխտնօրենների ինստիտուտը։ Թող բոլոր դպրոցներում վերականգնեն նախկինում գործող՝ տնօրենի տնտեսական աշխատանքի գծով տեղակալի ինստիտուտը՝ այն վերանվանելով տնօրենի վարչատնտեսական գծով տեղակալ։ Ավելին` ներկա դրությամբ կան հարյուրավոր դպրոցներ, որոնք անգամ չունեն փոխտնօրեններ, և հիշյալ դպրոցներում փոխտնօրենների պարտականությունները ևս դրված են տնօրենների վրա՝ առանց հավելյալ վարձատրության։

Բանն այն է, որ դպրոցում փոխտնօրենի հաստիքի առկայությունը պայմանավորված է աշակերտների թվաքանակով, որի արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը. գերբեռնված դպրոցներում տնօրենները աշխատում են միջին բեռնված աշխատանքային գրաֆիկով, իսկ թերբեռնված դպրոցների տնօրենները աշխատում են գերբեռնված աշխատանքային գրաֆիկով՝ համատեղելով տնօրենի և փոխտնօրենի պաշտոնային պարտականությունները։ Իսկ վարձատրության չափը էլի պայմանավորված է դպրոցի աշակերտների թվաքանակով։ Այս մոդելը ևս անարդյունավետ է, այն էականորեն ազդում է կրթության որակի վրա։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները անտեղյակ են հայկական դպրոցից և ընդհանրապես տեղյակ չեն կրթություն ոլորտի կառավարման հիմնախնդիրներին։ Սակայն դա այնքան էլ այդպես չէ. վերևներում ամեն ինչ լավ են հասկանում, և, տնօրենների նշանակման համակարգը ներդնելով, իշխանություններն ամբողջովին իրենց ձեռքում են գերկենտրոնացնում դպրոցների ամբողջ վարչաֆինանսական ռեսուրսները։ Նրանք լավ են հասկանում, թե, հանձին նշանակվող տնօրենների,  ինչպիսի «յուղալի պատառ» է հայտնվում իրենց ձեռքում, որը և առաջարկվող «բարեփոխման» իրական պատճառն ու նպատակն է։ 

Պարզորոշ է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սրանով փորձում է գրավել դպրոցները՝ կրթական ոլորտի ներքևի օղակներում ևս խցկելով յուրայիններին։ ՔՊ-ական շրջանակներում կրկին շատ լավ են հասկանում, որ Կառավարման խորհուրդը տնօրենի նշանակումից մեկ տարի հետո միայն կարող է անվստահություն հայտնել, իսկ այդ ընթացքում նոր նշանակված և իշխանությունների փաստացի գործիքը հանդիսացող տնօրենը Կառավարման խորհուրդը Լիազոր մարմնի աջակցությամբ կձևի սեփական հագով՝ այնտեղ խցկելով «սեփական» մարդկանց։ Արդյունքում՝ Կառավարման խորհրդի անգամ 2/3-ի «յուրացման» պարագայում իշխանությունների ներկայացուցիչ – տնօրենը կարող է ցկյանս պաշտոնավարել։ 

 

Ամփոփենք՝ առաջարկվող փոփոխությամբ Փաշինյանը հերթական անգամ քայլ է կատարում դեպի հակաժողովրդավարություն, դեպի տոտալիտար համակարգի ձևավորում։ 

 

 Վանո Կարապետյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ