25 10 2021

Կոռնիձորից և Կութից ոչխարների հափշտակումները օկուպացված տարածքում ադրբեջանական գործողություններն են․ իրավագետ

Կոռնիձորից և Կութից ոչխարների հափշտակումները օկուպացված տարածքում ադրբեջանական գործողություններն են․ իրավագետ

Սյունիքի Կոռնիձոր գյուղից ադրբեջանցի զինծառայողները գողացել են 107 ոչխար և 5 այծ, մինչ այդ հունիսի 5-ին էլ նույն մարզի Կութ գյուղից էին 80 կով հափշտակել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին ահազանգեց՝ նշելով, որ այս հանցագործության ահազանգը պետք է դրվի Ադրբեջանի նկատմամբ մեր պետության պահանջների հիմքում միջազգային հարթակներում, ինչպես նաև այն կդրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ու պահանջների հիմքում: Տեղի նորանշանակ համայնքապետի օգնական Արամ Միրզոյանն էլ մեկնաբանեց, որ ոչխարներն իրենք են անցել սահմանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում վստահեցրեց, որ քննարկումները՝ արդյո՞ք ոչխարները կամ որևէ այլ գույք տանելն օրինական է, թե ոչ, ի՞նչ նորմեր են խախտում և այլն, ոչխարները մոլորվեցին, գնացի՞ն, թե՞ ադրբեջանցիները տարան, այս ամբողջ ֆոնի մեջ մի կարևոր բան դուրս է մնում․ իրականում առաջնային խնդիրը, որը պիտի քննարկվի՝ իսկ արդյո՞ք ադրբեջանական զորքերն այդտեղ գտնվելու որևէ օրինական հիմք ունե՞ն, թե՞ ոչ։

«Այսինքն, արդյո՞ք դա օկուպացված տարածք է, թե՞ ոչ։ Հայաստանի Հանրապետությունն այս հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում, ցավոք սրտի, դեռևս չի հայտնել։ Այսինքն, չի հայտարարել, որ Ադրբեջանը եկել, օկուպացրել է իմ տարածքը, և նաև չի հայտարարել, որ այդ տարածքներն ինքը զիջում է այս պահին, քանի որ Ադրբեջանը կիրառում է ուժ, ինքն էլ փորձում է խուսափել զինված ընդհարումից»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետը։

Ըստ էության, այս պահին շատ նուրբ եղանակով փոփոխություն է տեղի ունենում, որ, իբրև թե, նորմալ է՝ այնտեղ Ադրբեջանն է, ադրբեջանցիներն են, այստեղ Հայաստանն է, պետք է  ուղղակի քննարկել մի տեխնիկական հարց՝ արդյո՞ք այդ ոչխարներին տանելն օրինական է, թե՞ ոչ, այնինչ դա այդպես չէ՝ հարցն ուրիշ հարթությունում է։

«Կարծում եմ գույքի՝ տվյալ դեպքում ոչխարների, սեփականության իրավունքի սեփականազրկման, դրանց տեղափոխման, դրանց հետ կապված հարցերը ինքնին քննարկելն առաջացնելու է այլ խնդիրներ, եթե մենք չենք բարձրաձայնում, որ սա օկուպացված տարածքում ադրբեջանական գործողություններն են։ Այդ դեպքում ակնհայտորեն պետք է կիրառվեն Ժնևյան կոնվենցիաները, քաղաքացիական բնակչության մասով 4-րդ կոնվենցիան՝ նախատեսելով, որ անձնական գույքից զրկելն օկուպացված տարածքներում արգելվում է։ Դա մասնակի օկուպացվա՞ծ է, թե՞ կիսամասնակի օկուպացված է, ոչխարներն իրե՞նք են գնացել, ադրբեջանցիներն եկել՝ տարե՞լ են, թե՞ պայմաններ են ստեղծել, որ անցնեն, այլ հարթություններում է դիտարկվում։ Բայց, միևնույն ժամանակ, քննարկումը չի կարելի ինքնին տանել այն համատեքստում, որ իբրև թե դա արդեն Ադրբեջան է ու այդտեղ հարց չկա»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նա ընդգծեց, որ քննարկումը պետք է գնա այն համատեքստում, որ ադրբեջանական զորքերի այնտեղ գտնվելն ապօրինի է։

«Ժնևյան 4-րդ կոնվենցիան, որը վերաբերում է քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, ունի մի բավականին մեծ հատված Ժնևյան կոնվենցիաների, որոնք վերաբերում են օկուպացիայի ռեժիմին, ասում է՝ եթե մի պետության զորքերը գրավել են, անկախ այդ գրավման օրինական կամ ոչ օրինական լինելու հանգամանքից, պարտավոր են ապահովել մի շարք գործոններ և դրանցից մեկը սեփականության իրավունքն է։ Այսինքն, այս համատեքստում ընդհանրապես ադրբեջանական զորքերի՝ այնտեղ գտնվելու իրավական հիմքերը բացակայում են»,-ասաց Արամ Օրբելյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով ապառազմականացված բուֆերային գոտի ստեղծելը, նրա դիտարկմամբ, կարող է մասամբ մեղմել իրավիճակը, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանական զորքը հետագայում այդ բուֆերային գոտում էլ առաջ կշարժվի ու կկանգնի Հայաստանի բուն տարածքում, ինչպես նախկինում ականատես եղանք։

«Ապառազմականացված գոտին բոլորովին ուրիշ դաշտի խնդիր է, ամեն մեկն իր պետության տարածքում, ընդհանուր առմամբ, ունի ազատություն իր զինված ուժերը տեղակայելու։ Կան մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի շրջանակում ընդունված՝ համապարփակ անվտանգության կանոնների տարբեր փաստաթղթերով, սկսած սովորական զենքերի, զինատեսակների տեղակայման քվոտաներից, մինչև զորավարժություններից առաջ տեղեկացնելու պարտականություն, զորքերի կուտակում և այլ գործընթացներ։ Դրանք կոչվում են վստահության ավելացման միջոցներ։ Բայց եթե սրանից դուրս գանք, այսինքն, եթե ընդունենք, որ պետությունն իր տարածքում կարող է իր գործողություններն անել, և բաց թողնել վերը նշված ամենակարևոր հանգամանքը, որ մենք որևէ կերպ չենք կարող համարել, որ Ադրբեջանը գտնվում է իր տարածքում, ապա բացառապես զինված ընդհարումների խաղաղ կարգավորման լույսի ներքո վստահության ձևավորման գործիքներից մեկը բուֆերային գոտիների ձևավորումն է, որոնք կբացառեն նաև զինվորական ուժի կողմից դիմացի կողմի զինվորների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա հարձակումները․ եթե դիպուկահարը կրակում է տրակտորիստին կամ զինված դիվերսիոն խումբ է թափանցում, ապա ապառազմականացված գոտին այդ խնդիրը լուծում է։ Միևնույն ժամանակ ապառազմականացված գոտին չպետք է դիտարկել որպես ամեն ինչի դարման, «պանացեա» չպետք է դիտարկել, այսինքն, այնպես չէ, որ ապառազմականացված գոտի ստեղծելու արդյունքում ամեն ինչ շատ լավ է լինելու, որովհետև չի բացառվում, որ ապառազմականացված գոտի ստեղծելու համար զորքերը հետ քաշելուց հետո ադրբեջանական զորքերը շատ հանգիստ գան և տեղակայվեն բուֆերային գոտում, ինչը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո»,-ասաց նա։

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եղել է համաձայնություն, որ զորքերը պիտի մնան այնտեղ, որտեղ կանգնած են, բայց դրանից հետո տեսնում ենք ադրբեջանական զորքերի առաջխաղացում, հայկական դիրքերի հետքաշում, այսինքն, շփման գիծը տեղափոխվել է դեպի Հայաստանի ներսը։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ