2020թ.-ի հոկտեմբերի 7-ից մոտ մեկ տարի անց պետք է պարզվեր, որ պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել հենց այդ օրը։ Ադրբեջանի ղեկավարը «Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 7-ի հեռախոսազրույցին։ Այդ օրը նրանք քննարկել են նաև պատրերազմը կանգնեցնելու տարբերակներ, որին, ըստ Ալիևի, հայկական կողմը դեմ է եղել։
Ալիևն ասել է. «Ես առաջարկություններ ունեի, դրանց աջակցել է նաև ռուսական կողմը, սակայն հայկական կողմը հրաժարվել է և, կարծում եմ, կատարել է ողբերգական, ճակատագրական սխալ: Որովհետև, եթե նրանք ընդունեին այն ժամանակ իմ առաջարկած ծրագիրը, որին աջակցում էր Ռուսաստանը, ապա պարտությունն իրենց համար այդքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ, ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմից, կենդանի կմնային»։
Այս հայտարարությանը պաշոնական Երևանը չի արձագանքել, սա, ի դեպ, միակ անարձագանք մնացած գաղտնազերծումը չէ։
Իսկ 2020 թ.-ի հոկտեմբերի 7-ին Պաշտպանության բանակը պատերազմում հերոսաբար զոհվածների երկու ցուցակ հրապարակեց։ Պատերազմի 11-րդ օրը մեր զոհերի թիվը մոտ էր 400-ին։ Հնարավոր էր կանխել հետագա մահերն ու խուսափել կորուստներից, մոտ 4 անգամ կրճատել պատերազմի տևողությունը։ Ինչու՞ դա չարվեց՝ պատասխան հնչել է, որը, սակայն, ոչ քաղաքականության, ոչ ռազմավարության ու զինվորական գործի հետ կապ չունի:
Իսկ հոկտեմբերի 7-ից հետո ամեն օր պաշտպանության բանակը շարունակում էր զոհվածների ցուցակ հրապարակել, որի հետևում կիսատ մնացած կյանքեր էին, երազանքներ, նպատակներ, կիսատ մնացած սերեր էին, ժպիտներ․․․
Մանրամասները՝ Հայկական երկրորդ հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը