07 10 2021

Տեսանք պարտադրանքի դրսևորում, որը իրավաչափ լինել չի կարող․ Մելիքյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ News.am

Տեսանք պարտադրանքի դրսևորում, որը իրավաչափ լինել չի կարող․ Մելիքյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ News.am

NEWS.am-ը գրում է․ Կորոնավիրուսի հետ կապված հարցը շատ նուրբ է, որովհետև մարդկանց կյանքին է առնչվում և դժվար է այստեղ շատ կատեգորիկ լինելը, բայց  մի բան հստակ է, որ պարտադրանքը իրավաչափ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններոն, որտեղ նա հանձնարարեց վարչական լծակներն օգտագործել, որ պատվաստման գործընթացն առաջ գնա: Նա նաև նշեց, որ պետական ապարատում բոլորը պետք է պատվաստված լինեն, և խոսքի մեջ ակնհայտ պարտադրանք կար:

Մելիքյանի խոսքով, ի տարբերություն պարտադրանքի, խրախուսման գործիքներ կիրառելն իրավաչափ է. «Այսօր մենք տեսանք պարտադրանքի դրսևորում, որը իրավաչափ լինել չի կարող: Եթե կան հարցեր, պետք է տրվեն պատասխաններ, անգամ եթե այդ հարցերը ոչ միշտ են իրականության շրջանակներում, որ միշտ են պրոֆեսիոնալ: Պետության խնդիրն է համբերատար այդ ամենի հետ աշխատել: Իրավական պետության գաղափարը դա է:

Մարդու մարմինն իր անձնական տիրույթն է, և եթե պետությունը պարտադրանքով է փորձում միջամտել, դա մարդու հիմնարար իրավունքի խախտում է, ոչ ավելի պակաս, քան երբ որ կրոնական պատճառներով զենք չեն բռնում, և նրանց փոխարենը տանում են այլընտրանքային ծառայության: Ինչու մի դեպքում չենք պարտադրում, մյուս դեպքում պետք է պարտադրենք»,-հայտարարեց ԿՀ ղեկավարը:

Հարցին, թե արդյոք վարչապետի հայտարարություններում լիազորությունների չարաշահում կար, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Քրեաիրավական գնահատական չեմ ուզում տալ, բայց պնդում եմ, որ այդ հայտարարությունն իրավաչափ համարվել չի կարող: Այդ անձնավորության մոտ չկա պատկերացում, որ ձերբակալումներն ու կալանավորումները պատիժ չեն: Նա ձերբակալել և կալանավորել հրահանգը օգտագործեց որպես պատիժ:

Առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ցուցում է տալիս իրավապահներին ձերբակալել և կալանավորել; Մենք հիշում ենք տարբեր ցուցումներ ին տրվում իրավապահ մարմիններին: Ցավոք, այն միջազգային իրավապաշտպան համակարգը, որը խոշորացույցով դիտում էր մինչև 2018 թվականը և արագ արձագանքում էր, այդպիսի հարցերին չի արձագանքում»:

Նա ընդգծեց, որ իշխանությունը չունի բավարար լեգիտիմություն հանրության շրջանում. «Ինչքան էլ իրենք խոսեն ընտրությունների արդյունքների մասին, մարդիկ չեն հավատում, որ պատվաստումն անհրաժեշտ է, չեն հավատում, որ դա բնական բան է»:

Հարցին, թե այս հայտարարությունից հետո պետական համակարգի աշխատողներին վտանգ սպառնո՞ւմ է, որ եթե ընդդիմանան, աշխատանքից կազատեն, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, կլինեն և կան կազմակերպություններ, որոնք այս հարցերով կզբաղվեն: Խնդիրն այստեղ բոլորովին այլ տեղ է: Եթե պետությունը փոխհատուցի թեստավորման արժեքի մի մասը և ասենք, քաաղաքացու վրա մնա 1000-2000 դրամ, դա նույնպես իրավաչափ կլինի: Այս ուղղությամբ պետք է աշխատել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ