29 07 2021

Մայիսին թշնամին կեղծ քարտեզներով էր մոտեցել սահմանին, դրա համար չդիմակայեցինք․ Սանոսյանի մեկնաբանություն



Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին։

«Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին, Վերին Շորժայի ուղղությամբ այն դիրքում, որտեղ երեկ գիշեր թեժ մարտեր էին ընթացել։ Մենք մեկ վիրավոր ունենք՝ ուսի շրջանում, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ռուս սահմանապահներ չեն տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ նախօրեին թեժ մարտեր էին ընթացել։ Նա նշեց, որ տեղյակ չէ այդ ուղղությամբ բանակցությունների մանրամասներից։

«Որոշակի պրոցես եղել է, ռուսները եղել են մեզ մոտ, որոշակի հատվածներ, թե որտեղ կարող են տեղակայվել, այդպիսի որոշակի աշխատանք է եղել, որոնց մասին տեղյակ եմ եղել, ասել եմ։ Թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, ինչ ընթացք է, չեմ կարող ասել»,- նշեց Սանոսյանը։

Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքի աշխատանքներին` մարզպետը նշեց, որ հանքը ինչպես երեկ, այնպես էլ այսօր, չի աշխատում։ Սանոսյանի խոսքով` կրկին անվտանգության նկատառումներից ելնելով` աշխատակիցները դուրս են բերվել հանքի տարածքից։

«Մեր բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել, և բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Իրավիճակի առնչությամբ անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ մեր բնակիչների, բայց ուզում եմ ասել, որ բնակիչները պատվով, ամուր կանգնած են մեր համայնքներում։ Երբ միջադեպեր են լինում, փոխհրաձգություն է լինում, անպայման գյուղից որոշակի խմբեր հավաքվում և այցելում են զինվորներին` հարցուփորձ անում, թե ինչի կարիք կա»,- նշեց մարզպետը։


Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ