28 07 2021

Կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

Կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ուստի, Պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այս հայտարարությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,-նշել է Թաթոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ