Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետության պատճառով պացիենտները հիվանդանոցային կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ընթացքում դեղերի զգալի մասն իրենց միջոցներով են ձեռք բերում:
Սոցիալապես անապահով մարդկանց, նրանց ընտանիքների բողոքները վեր են հանել դեպքեր, երբ բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս չօգտվել պետության տրամադրած անվճար դեղերից, քանի որ դրանք անարդյունավետ են:
Այստեղ խնդրահարույց է նաև հետևյալ իրավիճակը՝ անվճար դեղերի համար պետությունն անցկացնում է մրցույթ, և հաղթող է ճանաչվում մրցույթի ամենացածր գինն առաջարկած մասնակիցը: Արդյունքում՝ պացիենտին առաջարկվում են ամենաէժան դեղերը, ինչն իր հետ առաջ է բերում նաև որակի կամ այդ դեղի արդյունավետության խնդիր: Ստացվում է՝ մարդուն պետությունը հատկացնում է դեղերից ամենաէժանն այն դեպքում, երբ այդ դեղի որակը կասկածի տակ է դնում ոչ միայն դեղ օգտագործողը, նույն դեղը վաճառողը, այլ նաև բուժումն իրականացնող բժիշկը: Ավելին, առկա են առողջական վիճակի վատթարացման մասին բողոքներ:
Արդյունքում` պետությունը ձախողում է իր պարտավորությունները կամ դրանք կատարում է թերություններով:
Բողոքներով արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց առաջարկվել է կոնկրետ դեղագործական կազմակերպություն՝ համարելով, որ անվճար տրամադրվող դեղորայքն անարդյունավետ է:
Այս պարագայում էլ խնդիրն այն է, որ հիվանդանոցը չի պարտավորվում բուժումն իրականացնելու համար հիվանդին առավել որակյալ դեղորայք տրամադրել: Նման վիճակի պատճառով էլ առաջ են գալիս դեպքեր, երբ անօրինական վճարներ են գանձում պացիենտից, մարդը ստիպված է լինում փնտրել թանկարժեք կամ դժվարամատչելի, այդ թվում՝ չգրանցված դեղեր:
Առաջանում են «զարտուղի» ճանապարհով դեղեր գնելու ուղղորդման դեպքեր՝ հաճախ պարզապես վաճառքից շահ ստանալու ակնկալիքով կամ առնվազն այդպիսի համոզմունք է առաջանում մարդկանց մոտ:
Լուրջ խնդիր են այն դեպքերը, երբ պացիենտին անվճար դեղը չի տրամադրվում ոչ թե սահմանված ցանկում չլինելու, այլ գնումների հայտարարված մրցույթի ուշացման և չկայանալու հետևանքով:
Դեղ ստանալ չկարողանալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պացիենտը տեղյակ չի լինում դեղ ստանալու իր իրավունքի կամ կոնկրետ դեղատեսակի մասին: Բոլոր արձանագրված դեպքերում մարդիկ իրազեկվել են Պաշտպանին դիմելուց հետո՝ աշխատակազմի կողմից խորհրդատվությամբ կամ ահազանգով: 2021թ. բողոքները վկայում են, որ նույն պրակտիկան շարունակվում է նաև այս տարի:
Ընթացիկ տարում Պաշտպանին դիմած այն քաղաքացիները, ովքեր ունեցել են տարատեսակ դեղերի կարիք և չեն ունեցել դրանք գնելու հնարավորություն ֆինանսական դրության պատճառով, Մարդու իրավունքների պաշրպանի աշխատակազմի կողմից ուղղորդվել են ՀՀ առողջապահության նախարարություն կամ տարածքային պոլիկլինիկա:
Սակայն հետադարձ կապը քաղաքացիների հետ ցույց է տվել, որ հազվադեպ դեպքերում է անհրաժեշտ դեղամիջոցն առկա եղել: Ահազանգերը ցույց են տվել, որ հիմնականում մարդիկ ստացել են մերժում այն պատճառաբանությամբ, որ դեղեր առկա չեն:
Այս դեպքում էլ խնդրահարույցն այն է, որ մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված այս կամ այն տեսակի դեղամիջոցների առկայության մասին տիրապետում է միայն բժշկական հաստատությունը, ուստի մարդիկ դիմում են Պաշտպանի աշխատակազմ Առողջապահության նախարարությունից կամ պոլիկլինիկաներից դեղի առկայության մասին տեղեկություն ստանալու նպատակով:
Նշված բոլոր խնդիրները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի բողոքների, դրանց քննության արդյունքների վրա, որոնք հասեցագրվել են Մարդու իրավունքների պաշտպանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը