16 06 2021

Տեսանյութ՝ Եղեգնաձորում կարմիր բերետավորների վայրագությունների մասին



 

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութը, թե ինչպես են կարմիր բհերետավորները պահանջում չնկարել Նիկոլ Փաշինյանի սակավամարդ հանրահավաքը և ինչպես են բռնի ուժով բերման ենթարկում Եղեգնաձորում։

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 16-ին իրականացված քարոզարշավի ժամանակ, ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։

Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված հինգ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն՝ «օրինական պահանջին չենթարկվելու» հիմքով։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ եւ որեւէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ։

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ գրում է․ «Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով:

Իհարկե, տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը»:

Լուսանկարում ոստիկանության կողմից ծեծի ենթարկված քաղաքացիներից մեկն է։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին գրում է․ «Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։

Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է՝ նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։

Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով։ Սրանք բոլորը Ջեբրաիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները։ Նրանց իրական մեղքն այն է, որ կռվի դաշտը չեն լքել։ Տականք տղերքին բաց թող, վաղը ուշ կարող է լինել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ