15 06 2021

Պապիկյանի ասֆալտային կարիերան․ 4 մլրդանոց պատվեր է ստացել ընկերություն, որն ունի երկու աշխատակից

Պապիկյանի ասֆալտային կարիերան․ 4 մլրդանոց պատվեր է ստացել ընկերություն, որն ունի երկու աշխատակից

Օրերս Yerevan.Today-ը հրապարակել էր հետաքննություն՝ «Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր» խորագրով։ Հոդվածում փաստեր էին ներկայացված առ այն, որ ճանապարհների շինարարության որակի հսկողության համար սահմանված ծառայության արժեքը նախապես կազմում էր նախահաշվային արժեքի 1 տոկոսը։ 2019 թվականին փոփոխություն արվեց, որի հիման վրա այդ 1 տոկոսը դարձավ 5 տոկոս և ներառվեց բյուջեի մեջ։ Այսինքն, միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ․-ից 7,465 մլրդ դրամը, որն այսօրվա փոխարժեքով կազմում է ավելի քան 14 մլն դոլար, գնացել է խորհրդատվություն-վերահսկման վրա։ Ստացվում է՝ ասֆալտ անելով՝ պետպաշտոնյաներ կան, որ դարձել են դոլարային միլիոնատեր։ Նշել էինք, որ այդ վերահսկման իրականացումը, մեկ անձից գնման ընթացակարգով, հատկացված է «Կոքս քնսալթ» ընկերությանը։

Այսպես, ընկերության հիմնադիր-տնօրենը 2019 թ. փոխվել և դարձել է Քարսթեն Գրիզեն (Գերմանիա)։ Ընկերությունն ընդամենն ունի գրանցված 2 աշխատող, որոնցից 1-ը՝ վարորդ, իսկ մյուսը մասնագիտությամբ նախագծող Սահակ Ալեքսանյանն է: Այսինքն՝ շուրջ 4 միլիարդ դրամի պատվերը Տարածքային կառավարման նախարարությունից ստացել է ընդամենը 2 աշխատակից ունեցող ընկերությունը:

Ըետաքրքիր է, որ նշված 4 միլիարդից ընդամենը շուրջ 410 մլն դրամը փոխանցվել  է Ճաննախագիծ ընկերությանը, որը և կատարել է ամբողջ աշխատանքը, իսկ թե մնացած գումարը «Կոքսը» ինչ է արել՝ չի երևում․ հավանաբար՝ դուրս է փոխանցել, քանի որ այլ հարկային հաշիվներ չունի դուրս գրված:

Հատկանշական է, որ Ճաննախագիծ ընկերության 88%  սեփականատերը մեզ արդեն հայտնի, Սուրեն Պապիկյանի հետ աշխատած ու նրա մտերիմ Բագրատ Բադալյանն է, ով իրեն պատկանող այդ նույն ընկերության տնօրեն է նշանակել Տարածքային կառավարման նախարարության նախկին վարչության պետ Դավիթ Քարտաշյանին:

Հետաքննությունը շարունակվում է․ այլ մանրամասներ՝ հաջորդիվ։

Ասֆալտ անելով ժողովրդին լավություն ցուցադրողների, բայց նաև դրա հաշվին պետպաշտոնյաների արագ հարստացման մեխանիզմներն ամբողջությամբ պետք է բացահայտվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ