10 06 2021

Պետք է ուրիշ աչքով նայենք ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններին, պետք է նրանց լավ ճանաչենք․ Քոչարյան



Մենք այն թիմն ենք, որն ի վիճակի է և՛ խոշոր ներդրումնային ծրագրեր իրականացրել Հայաստանում, և՛ որի նկատմամբ վստահություն է լինելու խոշոր ներդրողների կողմից, և սա այն ուժն է, որն ունի վարչական կառավարման հմտություն։ Այս մասին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան։

«Իրականում Հայաստանում այսօր կա երեք տեսակի ճգնաժամ․ անվտանգության, տնտեսության և կառավարման։ Վերջինն ամենաարագ լուծվողն է, բայց այս իշխանությունների համար ամենաչլուծվող հարցն է, որովհետև չգիտեն՝ ինչ է կառավարումը , գլուխ չեն հանում դրանից։ Մենք ունենք այդ փորձը, այդ գիտելիքները», - ասել է նախագահը։

Նա հիշեցրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել իր նախագահության տարիներին։

«Այս իշխանությունները շատ են սիրում խոսել իրեն կատարած ասֆալտապատման աշխատանքներից, բայց դրանց ծավալները դեռ շատ հեռու են մեր կատարած աշխատանքների ծավալներից», - ավելացրել է Ռ․ Քոչարյանը։

Անդրադառնալով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին, նա նշեց, որ նրանց ավանդույթների և մշակույթի մասին պետք է ավելի շատ իմանալ։

«Մենք մի երկրում ենք ապրում, ձեր որդիները մասնակցում են պատերազմներին, մենք պետք է ուրիշ աչքով նայենք Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Նրանց պետք է հնարավորություն տանք ներկայացնել իրենց կրոնը, մշակույթը․ պետք է նրանց ավելի լավ աճանաչենք։ Կքննարկենք այս հարցը և կփորձենք դպրոցական ծրագրերում որոշ ճշգրտումներ մտցնել», - ասել է նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ