28 04 2021

ԿԳՄՍ նախարարի մոտեցումն անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից. Մայր Աթոռ

ԿԳՄՍ նախարարի մոտեցումն անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը, քննարկելով վերջերս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ հարցազրույցներից մեկում բարձրաձայնած դիրքորոշումը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ կրթական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր հրապարակային խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձ կատարեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդմանը: Հիշյալ հարցը, ս/թ փետրվարի 12-ին, քննարկվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի և ԿԳՄՍ նախարարի և նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքին, որի վերջնարդյունքներն արձանագրվել են փոխանակված նամակներում:

Ըստ էության, նախարարը կրկնեց նախկինում նախարարության կողմից արդեն իսկ առաջարկված անկատար նույն լուծումը, համաձայն որի՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ:

Սույն մոտեցումը բացարձակապես անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից և խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո: Սերունդների ազգային կրթության և դաստիարակության հարցում փոխզիջումային գործելաոճը ուղղակի կործանարար է։ Նախարարության առաջարկած այս մոտեցմամբ ի չիք են դարձվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման 16 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ արձանագրված արդյունքները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Միաժամանակ ենթախումբը շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը՝ բարեփոխումների ենթարկել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, մասնակցել դասագրքերի խմբագրմանը և ուսուցիչների վերապատրաստությանը՝ հիշյալ գործընթացների շրջանակներում անարձագանք չթողնելով մասնագիտական ու ազգային-հասարակական շրջանակներից հնչեցվող որևէ առաջարկ։

Հարկ է ընդգծել, որ Եկեղեցին սկզբից ևեթ խիստ վերապահումներ ունեցել և արտահայտել է կրթական բարեփոխումներ կոչվող ծրագրի վերաբերյալ, քանի որ թե՛ ընդհանուր և թե՛ առարկայական չափորոշիչներում և դրանց շուրջ նախաձեռնված քննարկումների ընթացքում արձանագրվել են սկզբունքային մի շարք բացթողումներ և առերևույթ հակասահմանադրական դրսևորումներ:

Կրթական բարեփոխումների նպատակների, հետևաբար և դրանց արդյունավետության վերաբերյալ կասկածները առավել խորանում են, քանի որ այդ ուղղությամբ իշխանության իրավասու պաշտոնյաների և ի մասնավորի Կրթության պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից՝ Եկեղեցու մտահոգությունները փարատող՝ հիմնավոր ու առարկայական որևէ բացատրություն չի տրվել: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ բարեփոխումների շրջանակներում հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, կտրականորեն նվազել են սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները: Ավելորդ ենք համարում բացատրել, թե որքան անհրաժեշտ է այդպիսի կրթությունը մեր երկրին ու ժողովրդին, որը գտնվում է գոյաբանական վտանգների և պատերազի մշտական սպառնալիքի առջև:

Կրթական բարեփոխումների գործընթացի իրականացման նման պայմաններում առկայծող մեր միակ հույսն այն էր, որ հանրակրթության ոլորտում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես պարտադիր բաղադրիչի, ամբողջական ծավալի պահպանումով հնարավոր կլիներ լրացնել այն բացը, որ ձևավորվել է ազգային ինքնության և հոգևոր դաստիարակության ոլորտում:

Արդ, նկատի առնելով իշխանությունների կողմից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր առարկայացանկից հնարավորինս դուրս մղելու հետևողականորեն իրագործվող ապազգային քաղաքականությունը, Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախումբը ամեն ջանք ի գործ է դնելու՝ կանխելու համար կործանարար այս մոտեցումը և հասնելու մեր ժողովրդի կենսական շահերին ծառայող իր՝ թե՛ պատմական, թե՛ բարոյական և թե՛ իրավական պահանջների կատարմանը:

Որպես վերջաբան տեղին ենք համարում վկայակոչել միջնադարյան բազմաշնորհ ու լայնախոհ մեր հայրերից Ներսես արք․ Լամբրոնացու խիստ այժմեական պատգամը․ «Ամենայն ազգ զիւր հարց աւանդութիւն պինդ կալցի»:

Թող Աստված զորացնի մեր ժողովրդին՝ իր ինքնության համար մղվող հոգևոր ու մարմնավոր պատերազմում․ ամեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ