Այսօր՝ ապրիլի 13-ին Արշակ Կարապետյանն «իրավունքի ուժով» դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
Դեռևս 2019 թվականին Politik.am-ը անդրադարձել էր դեռևս վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի անվան շուրջ շրջանառվող պատմություններին:
«Այս պաշտոնյայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչու՞ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։
Արշակ Կարապետյանը այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։
«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում)։
Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։
Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել այստեղ):
2017 թվականից հետո «Էլկոմպ» ՍՊԸ-ի դեմ անգամ բողոք է ներկայացվել, որ նա իրավունք չունենա մասնակցելու պետական գնումների գործընթացին:
Հետաքրքիր է, որ Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելուց ուղիղ մեկ օր առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին գնումների հետ կապված բողոքներ քննող անձը (հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 54բ հասցեում, 2-րդ հարկ) մերժել է Ֆինանսների նախարարության բողոքը, այսինքն՝ թույլատրել է «Էլկոմպ» ՍՊԸ-ին մասնակցել պետական գնումների։
Այս որոշումից ընդամենը երկու ամիս անց՝ 2019 թվականի փետրվարի 4-ին 50 տոկոսով Արշակ Կարապետյանի կնոջը պատկանող ընկերությունը ՀՀ ՊՆ հետ կնքում է մատակարարման չորս պայամանագիր (պայմանագիր 1, պայմանագիր 2, պայմանագիր 3․ պայմանագիր 4)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը