Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։
Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:
Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը