22 03 2021

Վստահ եմ, որ առնվազն ԼՂԻՄ-ի նախկին սահմանները վերականգնվելու են. Վիտալի Բալասանյան․ Sputnik Արմենիա

Վստահ եմ, որ առնվազն ԼՂԻՄ-ի նախկին սահմանները վերականգնվելու են. Վիտալի Բալասանյան․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է․

«Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։ 

Վիտալի Բալասանյանը հավաստեց, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն նշեց, որ Արցախի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետևաբար Արցախի ԶՈւ–ն քանակական և որակական առումներով պահպանվելու է։ Ըստ նրա` իրականությունից շատ հեռու է այն տեղեկությունը, որ Հայաստանն իր ստորաբաժանումները հանում է Արցախից։ 

«Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն, բայց դրան զուգահեռ Արցախի բանակի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը մեկնարկել է, համալրումը սկսված է։ Արցախի բանակն ի զորու կլինի վարել պաշտպանական մարտեր»,– նշեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Բալասանյանի գնահատմամբ` քանի որ արդեն աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ի հայտ եկել, ուստի Արցախին անհրաժեշտ է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեև ժամկետային զինծառայության տարբերակն էլ, ըստ նրա, ուժի մեջ է։ Բալասանյանի հավաստմամբ` Արցախի ԶՈւ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, ովքեր կհամալրեն բանակը, որն էլ կկատարի իր առջև դրված մարտական խնդիրները։

«Արցախյան հիմնախնդիրը դեռ լուծված չէ, բանակցություններ չեն ընթանում։ Ավելի քան վստահ եմ, որ առնվազն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանները վերականգնվելու են. Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու, այլ քաղաքական ճանապարհով լինելու է որպես սուբյեկտ։ Եթե Ադրբեջանը փորձի կրկին ոտնձգություն իրականացնել Արցախի հանդեպ, մենք համարժեք պատասխան կտանք»,– նշեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Բալասանյանի խոսքով` բոլոր պատերազմներն ունեն սկիզբ և ավարտ, սակայն Ադրբեջանը չի հասկացել ու չի հասկանում, որ Արցախի հարցը երբեք չի կարողանալու լուծել ռազմական ճանապարհով։ Ըստ նրա` արցախյան կողմը միշտ պատրաստ է բանակցային սեղանի շուրջ քննարկել ցանկացած հարց, բայցևայնպես իրենք տարածքներ չեն հանձնելու, որովհետև առևտրի ենթակա տարածքներ չունեն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ