ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ», «երկերեսանի» և այլն:
Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը Պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Հոդվածն ինքնին այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է հայատյացության հիմքեր:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ իր կարգավիճակից բխող օրինական գործունեության նկատմամբ որևէ ճնշումից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը