Հայաստանի իշխանությունների հայտարարությունների և գործողությունների հակասությունները շարունակվում են. վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես նախկինում, այնպես էլ իշխանության գալուց հետո շարունակեց բարձրագոչ հայտարարություններ անել, որոնք հիմնականում այդպես էլ կյանքի չկոչվեցին, ավելին՝ եղավ ճիշտ հակառակը:
Նախ Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է ու վերջ, բայց արդյունքում Արցախի զգալի մասն անցավ թշնամուն, հետո հայտարարեց, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է ու իր լուռ համաձայնությամբ սկսեց շարժել իսկապես մեզ համար շատ կարևոր ու կենսական Սյունիքի ողերը:
Դեռ 2018 թվականին՝ իշխանափոխությունից հետո, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ սպասվում էին նաև Սյունիքի մի շարք խոշոր համայնքներում ընտրություններ, որոնց համար նաև իշխանություններն ունեին իրենց թեկնածուներին, Փաշինյանը սյունեցիների հետ հանդիպմանը ընդգծում էր. «Սյունիքի մարզի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ վերաբերմունք, որովհետև եթե Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը Հայաստանի ողնաշարն է»:
Այս հայտարարությունը մեկ անգամ էլ Փաշինյանը հաստատեց արդեն պատերազմից հետո, բայց հակառակ իր խոսքերին՝ դեռ այսօր էլ շարունակում է վտանգի տակ պահել Սյունիքի շատ համայնքներ՝ առանց անվտանգության երաշխիքների: Այսօր առանց հիմնավոր բացատրությունների Սյունիքում շարունակվում են սահմանազատման աշխատանքները, Հայաստանի իշխանությունները շարունակում են մարդկանց «հանգստացնել», թե այն գյուղերը, որոնք տալիս ենք թշնամուն, ի սկզբանե ադրբեջանական են եղել, շարունակում են վտանգված մնալ Սյունիքով անցնող կարևոր նշանակության ավտոճանապարհները և այլն:
Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Սյունիք այցից հետո հայտարարեց, որ շուրջ 50 գյուղ պատրաստվում են տալ Ադրբեջանին։ Սյունիքով անցնող մայրուղու 21 կիլոմետրանոց հատված այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է, փոխվարչապետ Ավինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունեն Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով։ Ադրբեջանը Սյունիքով անցնող մայրուղու վրա տեղադրել է իր երկրի ցուցանակը, այդ ճանապարհով անցնելիս կանգառ կատարողներին սպառնում է գերություն։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները փոքր և մեծ տրամաչափի զինատեսակներից կրակում Կապանի հետ սահմանին, ինչը խիստ վտանգավոր է։
Այս համատեքստում նաև պետք է վերհիշել Փաշինյանի վերջին «հիշարժան» հայտարարություններից մեկը, թե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է:
Փաստորեն, ստացվում է, որ նաև իշխանությունների կողմից տարվող քաղաքականության պատճառով Հայաստանի գլուխը թողնել առանց ողնաշարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը