Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։
Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։
***
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը