22 01 2021

Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ և ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․ Iravunk.com

Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ և ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․ Iravunk.com

Iravunk.com-ը գրում է․

«Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքն, իր հարցազրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել էր, որ առանց չափազանցնելու հոգևոր առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն: Նա հիշեցրել էր, որ ժամանակին հոգևոր առաջնորդներին հաջողվել է բանակցությունների ընթացքում ձեոք բերել շատ հստակ արդյունքներ` գերիների փոխանակման, կրոնական խորհրդանշանների, կրոնական արտահայտությունների, կրոնական մոտիվացման չկիրառելու հարցում պատերազմող կողմերին ոգեշնչելու առումով: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Մայր աթոռի դիվանապետ Գերաշնորհ  Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

- Սրբազան հայր, տեսնո՞ւմ եք այս փուլում Ռուսաստանի եկեղեցու միջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերազույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ Փաշազադեի մասնակցությամբ հանդիպման հնարավորություն և արդյոք պատրա՞ստ է դրան Հայ Առաքելական եկեղեցին:

- Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կրել են պարբերական բնույթ, և դատելով այդ քննարկումներում արձանագրված արդյունքներից, որոնց մի մասն արդեն իսկ մատնանշված են Ձեր հարցադրման մեջ, դրանք չեն կարող օգտակար չհամարվել:

Եռակողմ հանդիպման ներկա հնարավորությունների մասին ձեռնպահ կմնամ գնահատական տալուց: Կարող եմ արձանագրել միայն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստ է ցանկացած, այդ թվում և հոգևոր առաջնորդների եռակողմ, հանդիպման ձևաչափի քննարկման` ի նպաստ պատերազմի հետևանքների մեղմման և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման:

- Ն.Ս.0.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով լայն քննարկման առարկա դարձավ: Շատերը Վեհափառ Հայրապետի խոսքում գտան իրենց ու սրտնեղեցին` համարելով այն ընդդիմադիր կեցվածք: Կարելի է ասել, որ իրականում Վեհափառ Հայրապետի խոսքում հանրային դատապարտում կար ամենքիս ուղղված:

- Չափազանց բնական եմ համարում, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատգամը ստեղծել է լայն քննարկումների հնարավորություն: Պատգամում Նորին Սրբությունը Քրիստոսի Սուրբ Ծննդյան լույսի ներքո անդրադարձել է մեր իրականությանը, հասարակական-քաղաքական ներկա զարգացումներին և այդ համատեքստում տեղ գտած արատավոր մի շարք երևույթների, որոնք ուղղակիորեն մշուշում են մեր ապագան: Առավել առարկայական լինելու համար վկայակոչենք Նորին Սրբության պատգամից մի հատված. «…մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ»։

Հետևաբար Հայրապետական պատգամում արտահայտված գնահատականներից ոչ թե պետք է սրտնեղել և այն պիտակավորել անհարկի ու անհիմն որակումներով, այլ ուղղակի հարկ է հետևություններ անել` զղջալ, հատուցել մեղքերի դիմաց և խմբագրել կենսակերպը:

- Մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդորից հետո լարվել են իշխանություն-եկեղեցի հարաբերությունները, և այն ավելի ընդգծվեց՝ Սուրբ Ծննդյան պատարագին նրանց չմասնակցելով: Իրականում կա՞ն հարաբերություններ` լինեն դրանք լարված, թե` առհասարակ:

- Եկեղեցու կողմից վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի շարժառիթները պետք է փնտրել բացառաբար մեր ժողովրդի ազգային, հոգևոր անվտանգության ապահովման մտահոգությունների շրջանակներում և ոչ երբեք իշխանությունների նկատմամբ լարվածության համատեքստում: Եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորած էմոցիաների վերլուծությունից ու գնահատականներից ես, իհարկե, զերծ կմնամ: Այդ հարցին պետք է պատասխանեն իրենք:

- Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ «մենք Եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում, քանի դեռ նա Եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ»: Հետաքրքիր է` օրինակ, պետական ղավաճանությունը կարո՞ղ է հիմք լինել Եկեղեցու համար, որ որևէ պաշտոնյա երբևէ դուրս դրվի Եկեղեցուց:

- «Պետական դավաճանություն» ձևակերպումը կրում է խիստ աշխարհիկ-իրավական բնույթ: Այսուհանդերձ, չի բացառվում, որ նմանօրինակ ցանկացած ձևակերպման ներքո ընդգրկված հատկանիշները նույնականանան եկեղեցական-կանոնական իրավունքի նորմերով` Եկեղեցուց դուրս դրվելու համար վկայակոչված հիմքերին:

- 2019-ի հունվարի 29-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: Այս աշխատանքային խումբը առաջին և վերջին անգամ նույն թվականի մայիսի 3-ին նիստ արեց: Այն կարելի՞ է համարել դե ֆակտո կազմալուծված: Ի՞նչ եղավ ԿԳՄՍ նոր նախարարի օրոք նախարարության և Եկեղեցու միջև ստեղծված աշխատանքային խումբը` Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հարցով:

- Աշխատանքային խումբը, ըստ էության, չի գործում: Եկեղեցու և պետության միջև կարգավորման ենթակա հարցերը քննարկվում են ընթացիկ աշխատանքային ռեժիմով: Նույն աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծված կրթական հարցերի ենթախմբում նկատվում են որոշ միտումներ կառուցողական քննարկումներ իրականացնելու համար:

- Պատերազմը ցույց տվեց, որ հոգևորականները չխուսանավեցին զենք կրելուց, մինչև վերջ զինվորի կողքին կանգնած մնալուց և նաև կյանքը հանուն Հայրենիքի զոհելուց: Եկեղեցին ի՞նչ մասշտաբների կորուստներ ունեցավ այս ընթացքում և հետաքրքիր է` արդյոք կա թվյային պատկեր:

- Եկեղեցին պատերազմին մասնակցել է ե՛ւ առաջնագծում, ե՛ւ թիկունքում: Պատերազմի ընթացքում զոհվել են երկու սարկավագներ և մինչ օրս անհայտ կորած է համարվում Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մարդկային անգնահատելի կյանքերի և հայրենազրկումի ցավին գումարվեց նաև այն, որ բազմաթիվ սրբավայրեր հայտնվեցին թշնամու վերահսկողության տակ` ենթակա պղծման ու ավերման վտանգներին: Այս պահի դրությամբ բավական բարդ է առարկայորեն գնահատել կորուստների ամբողջական ծավալը:

- Ջավախքը, կարծես թե, կրկին մնացել է առանց Առաջնորդական Փոխանորդի: Այս տարի որևէ լուծում հնարավո՞ր է այս բավական կնճռոտ հարցի վերաբերյալ:

- Վերը նշված հասկանալի պատճառներով, ինչպես ողջ հայության կյանքում, այնպես և Եկեղեցում որոշակիորեն խաթարված է բնականոն կյանքը և մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում և Ջավախքի Առաջնորդական փոխանորդի նշանակման հարցը առկախված է: Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին կծանուցվի պատշաճ կարգով:

- Եթե Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը տարեսկզբին խոսում էր այն մասին, որ թվայնացումը մարդկանց ստրկացում է, ինչը լրջագույն մարտահրավեր է, մեր տարածաշրջանում ստրկացման վտանգները բոլորովին էլ վիրտուալ տիրույթում չեն: Տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է և թիրախում հենց քրիստոնյաներն են: Նոր մարտահրավերների առաջ ի՞նչ ելքեր եք տեսնում:

- Նախ, կարծում եմ` ճիշտ չէ թիրախի սահմանման հարցում կրոնական պատկանելության մատնանշումը, քանի որ հակամարտության ծավալման ողջ ընթացքում տարբեր մակարդակներով արձանագրվել է, որ այն կրոնական բնույթ չունի: Այլ հարց է, որ աշխարհաքաղաքական տարբեր գործոններով պայմանավորված, տարածաշրջանում ընթացող գործընթացները զգալիորեն մեծացրել են մեր ժողովրդի գոյության և ինքնության առջև ծառացած սպառնալիքները: Ինչ վերաբերում է ելքերին, ապա արդյունավետ դիմակայության համար պետք է որդեգրել այնպիսի գաղափարախոսություն, որը զերծ կլինի պարտվողականությունից, կորուստների հետ հարմարվողականությունից և փոխարենը հիմնված կլինի մեր ինքնության, հոգևոր-ազգային արժեքների գերակայությունների ճանաչման վրա` ապահովելով լայն համախմբում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Շատ կարևոր է հասկանալ, որ համախմբումը պետք է կայանա արժեքների և առաքինությունների շուրջ և ոչ թե արատների և կրքերի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ