22 01 2021

Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ. ԿԳՄՍՆ

Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ. ԿԳՄՍՆ

Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու  կենսաբանության՝ 84 և  աշխարհագրության՝ 48 լաբորատորիա: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Լաբորատոր սարքավորումների տրամադրման, կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացներին զուգահեռ լաբորատորիաներում իրականացվել են նաև   ջրամատակարարման և ջրահեռացման  մոնտաժային աշխատանքներ:

Ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանի խոսքով՝ նմանատիպ լաբորատորիաները կնպաստեն երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, խմբային աշխատանքների, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորմանը: Ավագ դպրոցների ուսուցիչները փաստում են, որ դպրոցներում ստեղծված արդիական այս միջավայրում աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով՝ համապատասխան նյութերով և սարքավորումներով կատարելով լաբորատոր փորձեր: Նորարարական այս լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման առումով:

Մինչ գործընթացի մեկնարկը «Կրթական ծրագրերի կենտրոն» ուսումնասիրել է այս ոլորտում միջազգային փորձը, մշակել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, կահավորման մոդելները, իրականացրել կարիքների գնահատում: Միաժամանակ, հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների ընդունած չափորոշիչները:

Նշենք, որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում է ևս 8 ավագ դպրոց, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո՝ 2021 թ. սեպտեմբերին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ