20 01 2021

Երևանում ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել են 51 միավոր հատուկ տեխնիկա․ քաղաքապետարան

Երևանում ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել են 51 միավոր հատուկ տեխնիկա․ քաղաքապետարան

Մայրաքաղաքում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև մայթերի մշակմանը»,- ասել է «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։ Բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են նաև փողոցներում երկկողմանի կայանած մեքենաները:

«Դժվարանցանելի ճանապարհներ, ինչքան որ մենք տեսնում ենք, չկան, բայց ամեն դեպքում դժվարություն կա: Կոչ ենք անում վարորդներին, դա նաև պահանջ է, որպեսզի պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերով, որպեսզի վթարները համեմատաբար քիչ լինեն», - նշում է ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական դասակի տեսուչ Նաիրի Գաբրիելյանը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10-ը վարչական շրջան: Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում է կապալառու ընկերությունը:

«Մենք դեռևս համալրում ենք հիմնարկի հատուկ տեխնիկան, ուստի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները սպասարկում է մրցույթը հաղթած կապալառու ընկերությունը: Հուսով եմ, որ մենք այս տարի կհամալրենք մեր պարկը և ամբողջ 12 վարչական շրջանները կմաքրի համայնքային կառույցը»,- ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ