19 01 2021

Դատախազությունից հերքում են. Արթուր Դավթյանը չի անկեղծացել

Դատախազությունից հերքում են. Արթուր Դավթյանը չի անկեղծացել

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր «Փաստ» թերթը առանց տեղեկատվության որևէ աղբյուր նշելու, ավանդական դարձած՝ «իրենց տեղեկություններին» հղումով նյութ է հրապարակել պետական դավաճանության մասին հաղորդումներում քրեական գործ հարուցելու, վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու բավարար հիմքերի առկայության մասին, իբր, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նեղ անձնական միջավայրում արտահայտվելու վերաբերյալ:

Ավելորդ է, թերևս, ասել, որ հրապարակման մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ հերյուրանք են:

Ընթացիկ քրեական վարույթները նեղ անձնական միջավայրում քննարկելու առարկա չեն: Ստացվող տեղեկությունների, փաստերի առկայության, հաղորդումների ներկայացման դեպքում ձեռնարկվում են պատշաճ դատավարական գործողություններ: Իսկ դատախազությունը դրանց արդյունքների մասին իր մոտեցումները ձևավորում ու արտահայտում է կայացվող համապատասխան դատավարական որոշումների կամ դրանց օրինականության ստուգման իր գործառույթների իրացման արդյունքում, այլ ոչ թե դրանց շուրջ անձնական միջավայրերում վարվող զրույցների մակարդակով:

Կրկին գործընկերներիս հորդորում եմ ձեռնպահ մնալ նման բամբասանքային բնույթի տեղեկություններ հրապարակելուց, առավելևս՝ մամուլի տեսության ժանրի իմաստի ու նպատակների խեղաթյուրմամբ այդպիսիք տիրաժավորելուց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ