16 10 2020

Ազգային օպերատորի ընտրության մրցույթը կանցկացվի նոյեմբերին

Ազգային օպերատորի ընտրության մրցույթը կանցկացվի նոյեմբերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի անդամները քննարկել են օրակարգային հարցերը և հաստատել ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները, ազգային օպերատորին և ներդրվող համակարգին ներկայացվող պահանջները: Քննարկման արդյունքում որոշվել է ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 12-13-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է azdarar.am կայքում: Հայտարարության մեջ նշված են մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանները, չափանիշները և հայտի ձևը:

Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր, որի ընտրությունը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշմամբ: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ