27 09 2020

Ունենք զոհեր, կլինեն զոհեր․ արդյունքը պետք է լինի կարևորը․ ԱՀ նախագահ



ՊԲ-ն պատվով կատարում է իր առջեւ դրված խնդիրը. դիրքեր կորցրել ենք, կարող է էլի կորցնենք, դիրքեր գրավելու ենք հաստատ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ուզում եմ հայտարարել, որ պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են: Այն ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է: Ունեն կորուստներ հարյուրավոր, տասնյակ տեխնիկա, ուղղաթիռներ, անօդաչուներ: Հետախուզությունից փաստ ունենք թուրքական ինքնաթիռի խոցման մասին, բայց այդ փաստը հաստատված չէ վերջնական»,-ասաց նա:

Արցախի նախագահը տեղեկացրեց, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել այսօր, որտեղ հրավիրել է նաեւ փորձառու, պատերազմի բովով անցած հրամանատարներին:

«Սա մենակ մահու պատերազմ է եւ այդ պատերազմը տալու ենք ամբողջ ազգով: Ունենք զոհեր, կլինեն զոհեր, ունենք վիրավորները, կլինեն վիրավորները: Մեզ համար արդյունքը պետք է լինի կարեւորը»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը: 

Նա նշեց, որ կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել են, այդ պահին հետ են վերցրել. կան դիրքեր, որ կորցրել են, հետ չեն վերցրել։

«Լայնածավալ պատերազմի ընթացքում լինում են պահեր, որ դիրքերը այդքան չեն կարեւորվում այդ փուլում, քանի-որ ուզում եմ նորից նշել, որ սա ապրիլյան պատերազմը չէ, հունիսյան պատերազմը չէ: Հետ ենք վերցրել, թե հետ չենք վերցրել, այս պահին նշանակություն չունի: Այն, որ բանակը մարտունակ է եւ ցանկացած պատերազմի ժամանակ, մանավանդ հարձակվող կողմի համար խնդիրը լինում է կաթվածահար անել բանակի մատակարարումը, խանգարել բանակին իրականացնելու իր պարտականությունները, թշնամուն դա չի հաջողվել: Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է:

Մենք հաղթելու ենք, Ադրբեջանն իր առաջին օրվա խնդիրը չի կատարել:

Դիրք վերցնել-չվերցնելը եկեք չկարեւորենք, վերջում է լինելու պարզ՝ մենք կատարե՞լ ենք մեր խնդիրը, թե ոչ: Ես ուզում եմ հայտարարել, որ կատարել ենք»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ