22 09 2020

Ալկոգելը թունավոր չէր. Հայտնի է դարձել ՇՎՏՄ փորձաքննության արդյունքները

Ալկոգելը թունավոր չէր. Հայտնի է դարձել ՇՎՏՄ փորձաքննության արդյունքները

Կառավարությունն անարձագանք չթողեց թունավոր հումքով ալկոգելի մասին մեր հրապարակումը: Հոդվածից չորս օր անց՝ սեպտեմբերի 16-ին Կառավարությունից տեսչական մարմնի աշխատակիցներ են  գործուղվել  Վերին Արտաշատ գյուղ՝ Bariton  ալկոգել արտադրողի հասցեով: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն արտադրողի տարածքից ու նաև խանութներից  հավաքագրել է կասկածելի Bariton  ալկոգելի տեսականու կոնկրետ խմբաքանակ, ուղարկել է լաբորատոր փորձաքննության:

Պատասխանը, փաստորեն, բացասական է եղել.  ՇՎՏՄ–ից հայտնեցին, որ Բարիտոն ալկոգելում օրերս մեծաթիվ մարդկանց թունավորման ու մահվան պատճառ դարձած մեթիլը չի հայտնաբերվել, կնշանակի գոնե այս մասով հանրային առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացված է, չկա: Մնում է ՔԿ-ն պարզի մեթիլով հարուստ սպիրտային հումքի ներկրողի անունն ու իրացման մյուս ճանապարհները:

Հiշեցնենք, Արմավիրի  բնակիչների թունավորման դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով կալանավորված երեք անձանցից մեկի՝ Ավետիք Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը  Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ էր իր պաշտպանյալը նույն հումքով նաև ալկոգել է պատրաստել և հանել շուկա, ընդ որում նա պարբերաբար նույն անձից է  գնել  հումքը և միայն այս անգամ է միջնորդված վերավաճառել մեկ այլ անձի, ասել էր փաստաբանը:  Վարդգես Գևորգյանի այս հայտարարությունը մեծ հնչեղություն ստացավ, ու մինչ պետական գերատեսչական օղակներն իրենց լծակներով կստուգեին փաստաբանի արած հայտարարության հիմքերը, ինչպես նաև Bariton անվամբ տեղական արտադրության ալկոգելում մահաբեր մեթիլ պարունակելու մասին կասկածները, մեր խմբագրությունը, զուտ քաղաքացիների անվտանգության շահից ելնելով, հրապարակեց  կասկածելի հումքի  մասին փաստաբանի տեղեկատվությունը՝ որպես նախազզգուշացում և նյութը  արագ տարածում գտավ լրատվամիջոցներում ու սոցցանցերում:

Հ.Գ. Կրկին փաստենք, որ փաստաբանից ստացված տեղեկատվության հիմքի վրա էր հրապարակումը կառուցված․ լրագրողի հետաքննությունը շարունակվում է դեռ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ