09 09 2020

Արդարադատության նախարարության խոսնակին արձագանքը Ամատունի Վիրաբյանի հայտարարությանը

Արդարադատության նախարարության խոսնակին արձագանքը Ամատունի Վիրաբյանի հայտարարությանը

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ավելի վաղ աշխատանքից ազատված Ամատունի Վիրաբյանի հայտարարությանն այն մասին, որ բոլոր ՊՈԱԿ-ներն էլ ունեցել են հարկային պարտավորություններ, և որ ինքը չի հասկանում իրեն աշխատանքից հեռացնելու պատճառը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Ամատունի Վիրաբյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, որ «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։

ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ պարզաբանեմ, որ դրա վերաբերյալ Նախարարությունը չունի որևէ առարկություն, և այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են Կառավարությունից ստացված միջոցների հաշվին։

Սակայն «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի գծով պարտավորություն, և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը, որոնց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։
Ինչ վերաբերում է պարոն Վիրաբյանի այն պնդմանը, որ «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս», ապա հարկ է նկատել, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 24․05․2019թ-ին մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Yerkir.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանը նշել էր՝ արդարադատության նախարարի սույն որոշումը համարում է անհիմն, քանի որ աշխատանքից ազատման պատճառը նշել են այն, թե 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվը հարկեր չի վճարել և պետությանը հասցրել է վնաս։ Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016-ին պետությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ