13 08 2020

Ոստիկանությունը 2 օր Երևանում կփնտրի մուրացիկ անչափահասների



Օգոստոսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Մասնակցում էին մայրաքաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։

Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը համագործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարբերաբար իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ։

 

Ոստիկանության գնդապետը հայտնեց, որ օգոստոսի 12-ից սկսած՝ 3 օր մայրաքաղաքում կիրականացվեն միջոցառումներ, որոնց շրջանակում կհայտնաբերվեն մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ։

Քննարկվեցին նաև ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանների ծառայությանը վերաբերող հարցեր։

Խորհրդակցությունից անմիջապես հետո ոստիկանները դուրս եկան ծառայության։ Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվեցին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ, նաև՝ չափահասներ։ Բոլորը ներկայացվեցին ոստիկանության տարածքային բաժիններ։

Մայրաքաղաքում իրականացվող ծառայությանը հետևում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ղեկավարությունը։

Ոստիկանությունը, հավատարիմ որդեգրած քաղաքականությանը, շարունակում է մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների խնդրով միջոցառումները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ