«Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտների շարունակական արդիականացմանը՝ ազատության, արդարության, հավասարության, իրավունքի գերակայության ու համերաշխության գաղափարաբանական շեշտադրումներով։
Հիմնադրամի հիմնադիրներն են պետական-քաղաքական գործիչներ, տնտեսագիտության թեկնածու Արծվիկ Մինասյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Գալստյանը:
Հիմնադրամն ի թիվս այլնի նպատակ ունի նպաստել ազգային ու համամարդկային արժեքների ամրապնդմանը, քաղաքական ու քաղաքացիական երկխոսության խթանմանը, հանրային իշխանության արդյունավետության բարձրացմանը, սփյուռքյան կազմակերպությունների և գործիչների ներհայաստանյան ներգրավման մակարդակի բարձրացմանը, ժողովրդավարական գործընթացների զարգացմանը և այլն։
Հիմնադրամը մտադիր է իրականացնել համալիր վերլուծական աշխատանք, խթանել գիտակրթական առաջընթացը, կազմակերպել տարաբնույթ քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ, ինչպես նաև իրականացնել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը միտված աշխատանքներ։
Հատուկ ուշադրություն է դարձվելու հետինդուստրիալ հեղափոխությամբ պայմանավորված մարդկային կացութաձևի փոփոխություններին, արհեստական բանականության ընձեռնած հնարավորություններին և առաջ բերած մարտահրավերներին։ Հիշյալ նպատակների ու խնդիրների շրջագծում մշտապես կարևորվելու է երիտասարդության ամենատարբեր կարողականությունների զարգացմանը միտված ծրագրերը։
Առաջիկա երկու ամիսների ընթացքում հիմնադրամն առավելապես զբաղված կլինի ներքին կազմակերպական աշխատանքներով և գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ու ծրագրերի մշակմամբ, ինչից հետո պատշաճ հանրային ակտիվությամբ կներկայանա հասարակությանը։
Հիմնադրամը գաղափարաքաղաքական առումով հարում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։
Հիմնադրամի տնօրեն է նշանակվել քաղաքագիտության ասպիրանտ Գևորգ Ղուկասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը