22 05 2020

Պետք է պատրաստ լինել երկար պայքարի. նախարար

Պետք է պատրաստ լինել երկար պայքարի. նախարար

Հյուրանոցներում մեկուսացված քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի մետ 1000 դեպք է հայտնաբերվել։ Այս մասին Հանրային խորհրդի նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մեկուսացումից ինքնամեկուսացման անցնելը առողջապահական համակարգի ուժերի գերլարվածություն է պահանջելու։ Քաղաքացիներին, ում մոտ հնարավոր է կորոնավիրուս լիներ, հյուրանոցներում պահելը մեծ ռեսուրսներ էր պահանջում, սակայն դա արդյունավետ հակահամաճարակային միջոցառում էր, որի արդյունքում կորոնավիրուսի մոտ 1000 դեպք էր հայտնաբերվել։ Եթե այդ քաղաքացիները մեկուսացված չլինեին, նրանք կկորեին մասնագետների տեսադաշտից և հիվանդության պոտենցիալ տարածողներ կդառնային։

Սակայն մեկուսացման ռազմավարությունը շարունակելն արդեն անհնար է դառնում, և վարակի տարածման դեմ պայքարի հիմնական գործիք առաջիկայում դառնալու ինքնամեկուսացումը։ 

Նախարարը նաև նշել է, որ հայտնի չի, թե երբ է պանդեմիան ավարտվելու, և պետք է պատրաստ լինել երկար պայքարի, «քանի դեռ բոլորը չեն վարակվել, կամ չի հայտնաբերվել ուղիղ ազդող դեղամիջոց կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն»։ Սակայն մոտ ապագայում պատվաստանյութի ի հայտ գալու հավանականությունը, նախարարի կարծիքով, շատ փոքր է։

Անդրադառնալով մոբիլիզիացվան հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին նախարարն ասաց, որ այս պահին 202 մահճակալ կա, որոնցից 152-ը արդեն զբաղված են։ Նրա խոսքով՝ ազատ մահճակալներ այս պահի դրությամբ դեռ կան, բայց դրանք կարող են շատ արագ, նույնիսկ մեր օրվա ընթացքում զբաղվել, իսկ ազատվում են նման մահճակալները շատ դանդաղ։

Նախարարի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող քաղաքացիները սովորաբար բավական երկար ժամանակ են այնտեղ անցկացնում․ այն քաղաքացիները, որոնց վիճակը մնում է ստաբիլ ծանր կամ դանդաղ գնում է դեպի լավացում, սովորաբար մոտ 20 օր են անցկացնում վերակենդանացման բաժանմունքում։ Այդ բաժանմունքի մահճակալները համեմատաբար կարճ ժամանակով են զբաղեցնում միայն այն պացիենտները, ում վիճակը կտրուկ վատանում է եւ ում փրկել չի հաջողվում։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ բացառված չէ, որ գա մի պահ, երբ նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները չհերիքեն։ Այդ դեպքում ստիպված կլինենք առողջապահական ամբողջ համակարգը ներգրավել կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման պրոցեսում, ինչը, նախարարի խոսքով, խիստ անցանկալի է, քանի որ մի շարք խնդիրներ առաջ կբերի՝ ներհիվանդանոցային վարակների տարածումից մինչեւ բուժանձնակազմի շրջանում վարակման դեպքերի աճը։

Անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների փոքր թվին նախարարը նշեց, որ չի ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել և շարունակում են իրականացվել մինչ օրս։ Վրաստանում կառանտինային սահմանափակումները դեռ ուժի մեջ են, չնայած դա, իհարկե, ունենում է տնտեսական հետեւանքներ։ 

Նրա խոսքով, կառանտինային սահմանափակումները Հայաստանում և Վրաստանում գրանցվող կորոնավիրուսային վարակի դեպքերի թվերի նկատելի տարբերության միակ պատճառը չեն․ կա նաև մեթոդաբանության տարբերություն։

Օրինակ, հայտնի չէ, թե Վրաստանում կատարված 40 000 թեստերի որ մասն էին ՊՇՌ-թեստեր, իսկ որը՝ արագ թեստեր, որոնց արդյունքները հավաստի և վստահելի չեն։

Բացի այդ, հայտնի չէ, արդյոք թեստավորվում են Վրաստանում ՍՇՎ-ի թեթև ախտանիշներ ունեցող քաղաքացիները։

Երրորդը՝ հայնի չէ, արդյոք Վրաստանում թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքերը գրանցվում են որպես կորոնավիրուսից մահվան դեպքեր, եթե այդ պացիետների մոտ եղել է նաև կորոնավիրուսային վարակ։

«Մեզ մոտ կորոնավիրուսից մահացած քաղաքացիները գրանցվում են որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիներ, իսկ ոչ կորոնավիրուսով պայմանանվորված մահերը առանձին հաշվառվում են», - ասաց նախարարը։

Բացի այդ, նրա խոսքով, չի կարելի բացառել, որ բազմաթիվ վարակակիրներ Վրաստանում ուղղակի չեն հայտնաբերվում և վիճակագրությունից դուրս են մնում։

«Երբ մենք ախտորոշում ենք Վրաստանով Հայաստան ժամանած, այդ թվում վրացի վարորդներին, և ստանում ենք դրական թեստեր, ու շատ-շատ մեծ թվով, կարելի է համարել, որ Վրաստանում իրոք օրական 1 կամ 2 կամ 6 դեպք է լինում, կամ կարելի է համարել, որ ոչ բոլոր դեպքերն են, որ հաստատվում են և դառնում վիճակագրության մաս։ Ես այս հարցի պատասխանը վերջնական չգիտեմ», - ասաց նախարարը։

Նա ավելացրեց, որ նույնիսկ եթե կորոնավիրուսային վարակի տարածվածության առումով իրավիճակը Վրաստանում այսօրվա դրությամբ իրոք այդքան լավ է, ամեն ինչ կարող է փոխվել, երբ երկիրը սահմանները բացի և սկսի զբոսաշրջիկների ընդունել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ