18 04 2020

Ucom-ը ինչպես աշխատել է, այնպես էլ կշարունակի աշխատել. Կարծիք

Ucom-ը ինչպես աշխատել է, այնպես էլ կշարունակի աշխատել. Կարծիք

Պետական տելեկոմ արդեն չի մնացել, աշխարհի բոլոր հեռահաղորդակցության միջոցները մասնավոր են: Այսպիսի տեսակետ է ներկայացրել «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, կիբեռանվտանգության փորձագետ Գրիգորի Սաղյանը 365news-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «Յուքոմ» ընկերությյան շուրջ իրադարձությունները։

«Կա մի քանի երկիր, օրինակ՝ Բելառուսը, որտեղ պետությունը ամեն ինչ վերահսկում է, այդ թվում՝ տելեկոմը, բայց դա բացառություն է: Պետությանը դա պետք չէ, եթե կան մասնավորները, էլ ինչի՞ ավելորդ գլխացավանք ստեղծել», - ասել է Սաղյանը։     

Խոսելով ընկերության հնարավոր ազգայնացման մասին, փորձագետը նշել է. «Այն բոլոր դոնորները, որոնք օգնում են Հայաստանին, ուղարկում են միլիոնավոր դոլարներ, իրենց մոտ միանգամից հարց կառաջանա՝ մենք ձեզ օգնություն ենք տալիս կորոնավիրուսի դեմ պայքարելու, իսկ դուք այդ փողն ուղղում եք պետականացնելու վրա, այն դեպքում, երբ ողջ աշխարհում տելեկոմը չի պետականացվում: Կարելի է ինչ-որ բացատրություններ գտնել, որ արտակարգ իրավիճակ է, միգուցե Եսայանների քայլն ունի շատ ավելի խորն արմատներ, որոնց մասին մենք չգիտենք»:

Զարմանալին այն է, որ Կառավարությունը ոչ մի ձև չի արձագանքում այս թեմային։

«Ոչ մի ձայն չկա Կառավարությունից: Հայկ Եսայանի հայտարարությունից մոտ մի շաբաթ է անցել, ու բացի Արշակյանի հայտարարությունից, որ Տրանսպորտի, կապի նախարարությունն իր համաձայնությունը չի տվել: ՀԾԿՀ-ն և ՏՄՊՊՀ-ն էլ անկախ հանձնաժողովներ են, ի դեպ, վերջինս հայտարարել է, որ սառեցրել են հարցի քննարկումը: Միգուցե ուսումնասիրում են հարցը», - ասել է նա:

Ամփոփելով թեման, Սաղյանը նշել է, որ իր կարծիքով, «Յուքոմ»-ը ինչպես աշխատել է, այնպես էլ կշարունակի աշխատել։

«Ոչ ոք թույլ չի տա, որ ընկերությունը չաշխատի, թե ինչ եղանակներով, ես չգիտեմ: Արտակարգ իրավիճակ է, ու 800 հոգի դուրս են գալիս ու ասում՝ այ, եթե մեր ուզածը չանես, մենք սաբոտաժ կանենք, նման պայմաններում պետությունը մի շարք գործիքներ ունի հարցը կարգավորելու՝ դատականից սկսած, արտակարգ իրավիճակի օրենքներով վերջացրած»,- եզրափակել է փորձագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ