27  02  2020

Կա մտավախություն, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող քայլերը արդյունավետ չեն լինի․ Արմեն Գևորգյան

Կա մտավախություն, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող քայլերը արդյունավետ չեն լինի․ Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը:

Մեկ անգամ ևս իմ պարտքն եմ համարում ընդգծել. ձեռնարկվող քայլերը և մոտեցումներն առայժմ կրում են հատվածային բնույթ, և կա մեծ մտավախություն, որ չեն տալու ակնկալվող արդյունքը։

Գովելի է ՊՆ հրամանը բանակում անհրաժեշտ սահմանափակումների և միջոցառումների մասին։ Ես իմ նախորդ հրապարակման մեջ այդ հարցը կարևորել էի։ Մյուս կողմից, դա ամբողջական չէ, որոշակի զարգացումների դեպքում կարող է բավարար չլինել. միայն արձակուրդների և հարազատների հետ շփումների սահմանափակումներով ռիսկերը չեն վերանում։ Մի քանի կետ, որի շուրջ ուշադրություն եմ ուզում հրավիրել.

Ա/ սպայական կազմը շարունակում է իր բնականոն կյանքը, շփումներն արտաքին աշխարհի հետ, և հետո վերադառնում է զորամաս, հետևաբար՝ վիրուսի ներթափացման մեծ ռիսկ է մնում։

Բ/ Հենց այսօրվանից անհրաժեշտ է սկսել զորանոցների ամենօրյա տոտալ պրոֆիլատիկ ախտահանումներ և շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը չի վերացել։

Գ/ Հենց այսօրվանից կտրուկ պետք է մեծացնել ճաշարաններում մաքրության, ախտահանման պայմանները, սպասարկող անձնակազմի հանդերձանքի խստացումը։ Վերջին ուսումնասիրությունները պնդում են, որ էֆեկտիվ պրոֆիլատիկ նշանակություն ունի տաք թեյը, հետևաբար՝ զորքն այս փուլում պետք է ունենա դրա հնարավորությունը ողջ օրվա ընթացքում։

Դ/ Ապահովել զինծառայողների ամենօրյա պարտադիր տաք ցնցուղը՝ հնարավորինս հիգիենիկ պայմաններում, և ընդհանրապես սկսել լուծել զինվորների առանձնացված հիգիենայի հարցերը

Ե/ վերանայել զինծառայողների ամենօրյա ուսումնամարզական գրաֆիկը՝ հնարավորինս ապահովագրելով նրանց մրսածությունից, իմունիտետը ճնշող այլ հանգամանքներից

Ի դեպ, նույնատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ իշխանությունը պետք է ձեռնարկի նաև ազատազրկման վայրերում և ծերանոցներում։ Վերջիններս պետք է լինեն առանձնակի ուշադրության կենտրոնում։

Հաջորդը. այդպես էլ անհասկանալի է Իրանի հետ ուղևորափոխադրման սահմանափակումների հարցը։ Կարծես, թե ուղևորափոխադրումները շարունակվում են և, որքան հասկանում եմ, սահմանափակումից ընդհուպ մինչև 1-2 օր առաջ Իրանից մարդիկ, խմբեր են ժամանել Հայաստան, որոնք մոնիտորինգից դուրս են։ Այդ մարդիկ կարող են լինել բուհերում, սրճարաններում, ամենուր. ո՞րն է երաշխիքը, որ նրանք վիրուսակիր չեն՝ հաշվի առնելով ինկուբացիոն շրջանը։

Շատ երկրներ սահմանափակումներ են մտցրել դեպի Իտալիա ուղևորափոխադրումների հարցում։ Մենք առայժ հպարտանում են 50 եվրոյով Իտալիա մենելու հնարավորությամբ։ Շարունակվում են թռիչքները Միլան և Հռոմ։ Ի դեպ, Միլանն ինքը գտնվում է գրեթե կարանտինային վիճակում, փակ են զգալի թվով վայրեր։

Արդյո՞ք պատշաճ վերահսկողության տակ են վերցված մեր այն կազմակերպությունները, որտեղ շատ են լինում Չինաստանից և Իրանից հյուրեր, օրինակ՝ բուհերը։

Շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, էապես խստացրել են հանրային սննդի օբյեկտներին ներկայացվող պահանջները։ Պարտադրված են հագուստի, հանդերձանքի, սպասքի լվացման, ընդհանուր ախտահանման բավական խիստ նորմեր։ Արդյո՞ք մեր իշխանությունները քայլեր ձեռնարկել են այդ ուղղությամբ։ Նույնը պետք է վերաբերի դպրոցներում, բուհերում, մանկապարտեզներում գործող բուֆետներին և ճաշարաններին։

Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն պետբյուջեի հաշվին ձեռք բերել մեծ թվով դիմակներ և դրանք բաժանել մանկապարտեզներում և դպրոցներում։

Նորից ուշադրություն հրավիրեմ հետևյալ հարցի վրա. ունե՞նք արդյոք բավարար պաշար՝ անհրաժեշտ դեղորայքի և այլ պարագաների։ Պատրա՞ստ է արդյոք մեր բուժհամակարգը բոլոր, այդ թվում՝ վատագույն սցենարներին։ Հարցը տալիս եմ հատկապես այն դեպքի համար, եթե անհրաժեշտ լինի սահմանափակել մարդկանց և ապրանքների տեղաշարժը՝ Իրանից բացի մեր մյուս սահմանակից երկրների հետ։

Ես արտահայտում եմ իմ գործնական մտահոգությունները՝ հաշվի առնելով աշխարհում և հատկապես հարևան երկրներում իրավիճակի անցանկալի զարգացման փաստը։

Սա հենց այն դեպքն է, երբ քաղաքացիները պետք է զգան պետության ներկայությունն իրենց կյանքում՝ այն, որ պետությունն իրենց մասին հոգ է տանում։ Հիմա է պետք լրջագույն քայլեր անել՝ վատագույնից խուսափելու համար, անգամ՝ եթե ոմանց այդ քայլերը չափազանցված թվան։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ