09 12 2019

Զինվորին ինքնասպանության դրդողները կազատազրկվեն

Զինվորին ինքնասպանության դրդողները կազատազրկվեն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի և Արման Աբովյանի հեղինակած նախագիծը՝ զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով:

Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ