07 11 2018

Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն:

ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորավարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլու ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ