13 04 2018

ՀՀ ո՞ր օբյեկտներում է հակահրդեհային վիճակը ոչ բարվոք. ԱԻՆ-ի ուսումնասիրությունը

ՀՀ ո՞ր օբյեկտներում է հակահրդեհային վիճակը ոչ բարվոք. ԱԻՆ-ի ուսումնասիրությունը

Ի կատարումն սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ, շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Հանձնարարական տալուց հետո մինչ օրս ՀՀ մարզերում և Երևանում գտնվող 100-ից ավելի օբյեկտներում արդեն իսկ իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:

Հետազոտված օբյեկտներից ոչ բարվոք հակահրդեհային վիճակում էին գտնվում Երևանում գտնվող «Հին Էրիվան», «Ամերիկանո», ՀՀ Լոռու մարզի «Սոճիներ», «Թագուհի», Արագածոտնի մարզի «Շեն օջախ», Արմավիրի մարզի «Նաիրի» հանրային սննդի օբյեկտները, որոնցում առկա էին կապիտալ բնույթի խախտումներ՝ կապված տարհանման ելքերի, հրդեհի ազդարարման, հրդեհաշիջման և հակածխային ինքնաշխատ համակարգերի, հակահրդեհային ջրամատակարարման, էլեկտրատնտեսության և հրդեհաշիջման սկզբնական միջոցների հետ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով:

Հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ