07 11 2017

Առնվազ 6 տարի հարկավոր է «Հյուսիս-հարավ» ճանապարհը վերջնականապես ավարտելու համար. նախարար

Առնվազ 6 տարի հարկավոր է «Հյուսիս-հարավ» ճանապարհը վերջնականապես ավարտելու համար. նախարար

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 7-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ դասախոսներ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նախարարից հետաքրքրվեց, թե Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման վերջնաժամկետը ե՞րբ է: Նա նաև նկատեց, որ վերջերս աշխատանքները դանդաղել են:

Վահան Մարտիրոսյան էլ նախ պատասխանեց Հյուսիս-հարավ մայրուղու Արարատ, Արտաշատի արգելափակոցներին վերաբերող հարցին և ասաց, որ դրանք հանվել էին շինարարության ժամանակ, իսկ հիմա կրկին տեղադրվում են: Նա նկատեց, որ շատ անգամ արգելափակոցները հեռացնում են տեղի բնակիչները ճանապարհն ավելի հեշտ անցնելու, շրջադարձ կատարելու համար:

«Ինչպես նաև շուտով կավարտվեն կամուրջների շինարարությունները: Բայց նախագծման ժամանակ բացթողում է եղել, քանի որ նախատեսված չի եղել կամուրջները ճանապարհին միացնելու ասֆալտապատման ծրագիրը: Այս պատճառով մի քիչ ձգվեց ծրագիրը, քանի որ նախագծի փոփոխություն արեցին, հիմա կամուրջների աշխատանքները գրեթե ավարտված են»,- շեշտեց նախարարը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն, անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ձգձգմանը, նկատեց, որ այսօր ակտիվ աշխատանք է տարվում Թալին-Գյումրի հատվածի վրա, որտեղ վերջերս շինարարության որակի հետ կապված խնդիրներ էր առաջացրել:

«Մի քանի անգամ այս հատվածում արդեն քանդել ենք տվել և՛ սարքած հիմքը, և՛ բետոնային աշխատանքները, սա շարունակական հսկողության տակ է լինելու: Իմ մոտեցումն այն է, որ չի կարելի անորակ ճանապարհ ունենալ, և մի 4-5 տարի հետ կրկին անդրադառնալ դրան:  Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման պայմանագիրը երկարաձգվեց, որովհետև բոլոր պարտավորությունները չեն կատարվել, բայց հիմա անում ենք ամեն բան, որ տեղավորվենք նախածային ժամկետներում»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքների վերջնաժամկետին, նախարարն ասաց, թե ինքն այս պահին պատրաստ չէ պատասխանել այս հարցին, որովհետև հարավային հատվածում ներդրողների հետ քննարկումներ են իրականացվում, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորում է հարկավոր: Միևնույն ժամանակ նկատեց, որ առնվազ 6 տարի հարկավոր է Հյուսիս-հարավ ճանապարհը վերջնականապես ավարտելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ