ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողնների կողմից՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ, իրականացված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտվել է նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած գողության դեպքը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման համակարգերը և ջեռուցման մարտկոցները։
Նոյեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի վարչական շենքից ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների գողությունը կատարել է Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Վ․-ն։
Նույն օրը վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքն իր ծանոթների հետ նախորոք պայմանավորվելով՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հանդիպել և գնացել են վերոգրյալ մշակույթի պալատ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսաներ և ջեռուցման մարտկոցներ:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը