13 06 2017

Ինչո՞ւ էր Երևանը հեղեղվել

Ինչո՞ւ էր Երևանը հեղեղվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախօրեին երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: Հղում կատարելով ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին, նաև նշվել է, որ կարկուտով ուղեկցվող անձրևի այդ քանակի մեծ մասը թափվել է 10-15 րոպեում, ինչն առաջացրել է անձրևաջրերի կուտակումներ և որոշակի անհարմարություններ է ստեղծել մայրաքաղաքի փողոցներում:

Խորհրդակցությանը ներկա «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ առատ տեղումների հետևանքով գրանցված անձրևաջրերի հոսքը որոշ տեղերում հանգեցրել է անձրևատար համակարգի թողունակության գերբեռնվածության, բացի այդ, կարկուտի հետևանքով կոտրված ճյուղերը և տերևները խցանել են անձրևատարների պաշտպանիչ ցանցերը, ինչն իր հերթին որոշ փողոցներում հանգեցրել է անձրևաջրերի կուտակումների: Նաև նշվել է, որ տեղծված իրավիճակն արագ կարգավորելու նպատակով ընկերության մասնագետներն օպերատիվ աշխատանքներ են իրականացրել անձրևատար ցանցերի մաքրման ուղղությամբ, իսկ տեղումների դադարից հետո Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև ԱԻՆ համապատասխան ծառայությունների աջակցությամբ շարունակել են աշխատանքները՝ արդյունքում ապահովելով գետնանցումների, թունելային հանգույցների, ինչպես նաև գրասենյակային և բնակելի տների նկուղային հարկերի կուտակված ջրի հեռացումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և սեղմ ժամկետում իրականացնել բոլոր փողոցների և բակային տարածքների մաքրման աշխատանքները, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանն էլ հանձնարարվել է կարճ ժամանակում ապահովել անձրևատար համակարգի մաքրումն ու կարգաբերումը:

Նախօրեի առատ տեղումների հետ կապված նաև զեկուցվել է, որ Նոր Նորք վարչական շրջանում գրանցվել է հենապատի փլուզման դեպք: Ներկայում հետևանքներն արդեն վերացված են և վերականգնված է բնականոն երթևեկությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում կազմել նախագիծ-նախահաշիվ՝ փլուզված հենապատը արագ վերակառուցելու համար: 

 

«Վիոլա Ջոււր» ընկերությունյն էլ հայտնում է, որ տարին երեք անգամ` գարնան ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաև հորդ անձրևներից հետո, մայրաքաղաքի անձրևատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ:

Ընկերությունը հայտնում է, որ նաև այդ պատճառով հունիսի 12-ի տեղատարափ անձրևի ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերության շահագործող համակարգը դիմացավ քննությանը:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ընկերության տվյալներով` սպասարկման տարածքում ջրերի զգալի կուտակումներ գրանցվել են երևանյան երկու հասցեում. մեկը Լենինգրադյան փողոցում, մյուսը Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» հարևանությամբ: Առաջին հասցեում` ջրերի կուտակումը տևել է ընդամենը 15 րոպե, քանի որ եղանակային կանխատեսումները հաշվի առնելով, ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատանքային խումբըեղել էկազմ ու պատրաստ, անմիջապես մեկնել է Լենինգրադյան ու գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանի ղեկավարությամբարագորեն վերացրել ջրի կուտակումները: Վերականգնվել է փողոցի կանոնավոր երթևեկը:

Ինչ վերաբերում է «պրոսպեկտի» ստորգետնյա անցումին, ապա այստեղ իրավիճակը պայմանավորված էր անձրևի հորդառատությամբ: Անձրևաջրերը Մաշտոցի պողոտայով մեկ հոսում էին դեպի ստորգետնյա անցում, որի անձրևատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել: Այստեղից էլ կուտակումները:

Այդ ժամերին տարածքի համար պատասխանատու «Կենտրոն» տեղամասի աշխատակիցները գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի գլխավորությամբ աշխատել են արտակարգ ռեժիմով՝ անընդհատ մաքրելով դեպի «Մետրոպոլ» հյուրանոց ձգվող գետնուղու անձրևատարների ճաղավանդակները՝ այդկերպ ապահովելով ջրերի արագ հեռացումը: Իրավիճակն այստեղ կարգավորվել է 23.00-23.30-ին: 

Ընկերության սպասարկման մյուս տարածքներում առանձնապես լուրջ խնդիրներ չեն առաջացել: Այո, եղել են ջրերի կուտակումներ որոշ փողոցներում, սակայն դա նման իրավիճակում անխուսափելի է, և բնորոշ է ոչ միայն Երևանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ