«Հրապարակ»-ը գրում է․
Հայաստանի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով թշնամու զինված ուժերն են կանգնած, ռազմական ծանր տեխնիկա, սպառազինություն է կուտակված: Ադրբեջանական զորքն այն հատվածներում, որտեղ առաջ է եկել, մեր երկրի օկուպացված հողերի վրա ինժեներական աշխատանքներ է անում, ճանապարհներ, նոր դիրքեր կառուցում: Բոլորը գուժում են պատերազմի վտանգի մասին, անգամ՝ օտարերկրյա լրատվամիջոցներն ու վերլուծական ինստիտուտները: Եվ պատերազմից «հինգ պակաս» Հայաստանի զինված ուժերն օպերատիվ գլխավոր վարչության պետ չունեն։
Պետության անվտանգության համար առաջատար դեր խաղացող այս ստորաբաժանումը, որն ապահովում է խաղաղ եւ պատերազմական պայմաններում զինված ուժերի առջեւ դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը, փաստորեն, առանց ղեկավարի է արդեն շուրջ 10 ամիս՝ Արմեն Գյոզալյանի պաշտոնանկությունից հետո։ Ապրիլին Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո Փաշինյանը պաշտոնանկ արեց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Մարալչյանին։ Այս ստորաբաժանումը մինչ օրս ղեկավար չունի։ ԱԱԾ սահմանապահ զորքերին են վերապահված Հայաստանի պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնելու, պետական սահմանի ռեժիմ եւ սահմանային ռեժիմ ապահովելու գործառույթները: Ստացվում է՝ թշնամու հերթական գրոհը կանխող կարեւորագույն ստորաբաժանումները ղեկավարներ չունեն։
ՀՀ զինվորական կոմիսար, պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո սպասվում էր, որ զինված ուժերում օր-օրի դրական փոփոխություններ կլինեն՝ կադրերի որակի ու քանակի, սպառազինության ավելացման առումով, բայց տեղի ունեցավ հակառակը։
«Բարեփոխումը վերաբերում է թե՛ հաստիքացուցակներին, թե՛ անձնակազմին՝ որակի եւ քանակի առումով։ Մեր երկրում հակառակն է՝ փոխանակ զինված ուժերը հզորացնեն, զորքի քանակն ավելացնեն, ոստիկաններն են ավելանում։ Ինչի՞ համար են այսքան ոստիկան ավելացնում՝ իրենց անձնական վախերի համար։ Ոստիկանի աշխատավարձն ավելի բարձր է, քան դիրքում կանգնած պայմանագրայինի։ Գնացեք կառավարություն կամ Ազգային ժողով, այնտեղից դուրս եկողներին հարցրեք, թե ինչու է այդպես»,- ասաց գեներալ-մայորը։
Հենրիկ Մուրադյանի խոսքով՝ սերունդները չգնահատեցին ու չարժեւորեցին Հայաստանի հաղթանակները, ոտնակոխ եղավ հայ ժողովրդի ինքնասիրությունը։ «Մենք 1994 թվից երկիր սարքեցինք` մեր «ես»-ը, ինքնասիրությունը, արժանապատվությունը, հպարտությունը, հաղթանակները... մարդիկ չապրեցին այս արժեքներով»,- հավելեց նա։
Նա զինված ուժերի համար ամոթալի երեւույթ է որակում նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին՝ ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից՝ զինվորական ծառայության չգնալ՝ դրա փոխարեն պետությանը 15 միլիոն դրամ վճարելով։
«Ես դեմ եմ այդ նախագծին, առողջ երիտասարդները պետք է ծառայեն զինված ուժերում, առավել եւս՝ հիմա, երբ մեր պետությանը վտանգ է սպառնում։ Այս նախագծի նպատակը բյուջեն փող լցնելն է։ Հարուստների երեխաները գումարով կազատվեն ծառայությունից, կրկին բանակը, երկրի պաշտպանությունը կհանձնվեն գյուղացի, ռանչպար խավին»,- ասաց պահեստազորի գեներալ-մայորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը