09 11 2023

Ալեն Սիմոնյանի մեքենային այսօրվանից ուղեկցում են երկու նոր «Տոյոտա» ջիփ-ամենագնացներ. 168.am

Ալեն Սիմոնյանի մեքենային այսօրվանից ուղեկցում են երկու նոր «Տոյոտա» ջիփ-ամենագնացներ.  168.am

168.am-ը գրում է.
168.am-ի աղբյուրներն այսօր ֆիքսել են, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը համալրվում երկու նոր «Տոյոտա» մակնիշի ջիփ-ամենագնացներով՝ համապատասխան «միգալկաներով» կազմ-պատրաստ:

168.am-ը ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից փորձեց տեղեկանալ՝ արդյոք դա նոր գնո՞ւմ է, և ի՞նչ է արժեցել թանկարժեք այդ գնումը:

Ի պատասխան՝ Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր աղբյուրի տեղեկությունը՝ մանրամասնելով.  «Այսօրվանից են այդ մեքենաները փոխվել, բայց մյուս մանրամասներին Ազգային ժողովն իրավասու չէ պատասխանել, քանի որ ուղեկցող մեքենաներում  Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն են, և մեքենան պատկանում է իրենց»:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ապրիլին կառավարությունը որոշել էր 54 մլն դրամ գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում:

Ի դեպ, այդ հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում էր, իսկ հիմնավորումն այն էր, թե ՝ «ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»:

Այդ վեհ նպատակի համար այն ժամանակ որոշել էին ուղղել ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները:

Հիշեցնենք՝ նախորդիվ՝ նիստի օրակարգում ընդգրկված նմանատիպ մի չզեկուցվող հարցով էլ իշխանությունները 90 միլիոն դրամ էին հատկացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։

«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,- հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ էլ Ալեն Սիմոնյանը եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, և, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ավելի  ուշ լրատվամիջոցների հետ զրույցում վստահեցրել էր՝ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:

Բայց արդյո՞ք չէին հրաժարվել նման թանկարժեք գնումներից, քանի որ, ինչպես արդեն պարզ դարձավ, թանկարժեք երկու ջիփ-ամենագնացներն Ալեն Սիմոնյանի տրամադրության տակ են: Ավելին՝ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյանն են արդեն միացել այդ ջիփերը, և, առաջին վայրը, որ նրան ուղեկցելով տարել են մասնակցելու՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի թաղման արարողությունն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ