30 03 2023

Առաջարկվում է «գոլդ» համարանիշները դնել աճուրդի

Առաջարկվում է «գոլդ» համարանիշները դնել աճուրդի

Ներքին գործերի նախարարությունը օրենքի նոր նախագծով առաջարկում է փոխել ավտոմեքենաների, այսպես կոչված, «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծում նշվում էր, որ աշխարhի մի շարք երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Տաջիկստանում, և այլն, համարանիշերի առանձին տեսակների (սուպեր համարներ, ցանկալի համարներ, գեղեցիկ համարներ և այլն) ձեռք բերման համար նախատեսված է աճուրդային կարգ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» գործող օրենքով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող: Հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսը` 36 000- 8.000.000 դրամով` կախված համարանիշի տառային և թվային համադրություններից։

Նախագծով առաջարկվում է նախատեսել, նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։

Աճուրդի մեկնարկային գներն ու անցկացման կարգը, նախագծի ընդունման դեպքում սահմանելու է կառավարությունը։

Ընդունվելու դեպքում նոր օրենքն իրավական ուժ կստանա պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ