18 03 2023

Ազգի մեջ պետք է ակտիվ գործեն անձինք, ովքեր ժողովրդի հոգևոր ներուժի լոկոմոտիվն են․ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան



Ի՞նչ է համազգային ապաշխարությունը, ե՞րբ է առաջանում դրա կարիքը: Ինչպե՞ս է ապաշխարությունը փոխում քրիստոնյայի կյանքը: Որտեղի՞ց է ծագել ապաշխարություն բառը: Ապաշխարության խորհրդի մասին է խոսում  Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Մեր քրիստոնեական վարդապետության, աստվածաբանության մեջ  առաջին հայացքի պարադոքսալ  իրավիճակում ենք՝ առաջ ընթանալով ձգտում  ենք դեպի հետ ․ համարում ենք, որ մարդկության մաքրամաքուր շրջանը նախամեղանչական  հատվածն է, այն հատվածը, երբ մարդկային կյանքը դրախտում էր, երբ գոյություն չուներ մեղք»,-ասում է Սրբազանը՝ նշելով․ «Ոչ բոլոր եկեղեցիներն են, որ ապաշխարությունն ընդգրկում են 7 խորհուրդների ցանկի մեջ»։

«Երբեմն մարդկանց թվում է, որ շատ հեշտ է քրիստոնյա լինելը, որովհետև կարծում են թե մեղք գործելուց հետո գնում ես եկեղեցի, ապաշխարում ես և մեղքերդ քաված ես համարում, սա, իհարկե, քրիստոնեության մակերեսային ըմբռնման հետևանք է, ամբողջ խնդիրն այն է, որ դու չես կարող նախապես պլանավորված գործողութուն ներ անել՝ հաշվարկելով, որ հաջորդ կիրակի ստանալու ես թողութուն»,-նշում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Սրբազանը վստահեցնում է, որ ապաշխարհությունը հնարավորություն է տալիս՝ մնալու զգոն, սթափ։

 «Առանց ապաշխարության փրկություն չի կարող ունենալ»,-ասում է  Սրբազանը՝ ընդգծելով , որ երբեմն մարդիկ խուսափում են ապաշխարելուց․ «Մի հասարակությունում, որտեղ կարծրամտությունը շփոթվում է հաստատամտության հետ, երբ պոռոտախոսությունը շփոթվում է համարձակության հետ, բնական է, որ ապաշխարությունը պետք է շփոթվի տկարության հետ․․․Հավանաբար մարդիկ մտածում են՝ որքան հաստատակամ մնան  սեփական սխալների վրա, այնքան ավելի ազդեցիկ, ուժեղ մարդու տպավորություն կթողնեն»։

« Մեղքը մարդուն թուլացնում է, իսկ ապաշխարությունը հնարավորություն է տալիս՝ մնալու զգոն, սթափ․ պետք է գնահատենք, թե ինչու ենք հասել մի իրավիճակի, որը կորուստների, ողբերգությունների ժամանակաշրջան է համարվում։ Ի՞նչն է պատճառը, որ լինելով հին, քաղաքակրթություն ունեցող ազգ, նավազում ենք, պակասում ենք․․․ Ազգի մեջ պետք է ակտիվ գործեն անձինք, ովքեր ժողովրդի հոգևոր ներուժի լոկոմոտիվն են»,-ասում է Արշակ Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ