15 02 2023

Հայաստանը և հայերն արդարացված պահանջ ունեն թուրքական կառավարությունից․ Սասունյան

Հայաստանը և հայերն արդարացված պահանջ ունեն թուրքական կառավարությունից․ Սասունյան

Հզոր երկրաշարժից հետո հսկայական մարդասիրական օգնություն և մի քանի տասնյակ փրկարարներ Թուրքիա ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը բազմաթիվ վեճեր է առաջացրել հայկական շրջանակներում:

Թուրքիայի կառավարությունը Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը չէ։ Թուրքիան ոխերիմ թշնամի է, որը 1915 թվականին իրագործել է Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս շարունակում է իր ժխտողականությունը։ Ավելի վերջերս թուրքական զինուժը և վարձկան իսլամական ահաբեկիչներն աջակցել են Ադրբեջանին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ՝ պատճառ դառնալով հազարավոր հայ զինվորների մահվան։ Անցյալ շաբաթ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանեց, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցության համար փոխհատուցում է՝ մի քանի հարյուր փրկարարներ ուղարկելով երկրաշարժի գոտի։ Էրդողանն այնուհետև հավելեց իր հաճախակի կրկնվող կարգախոսը՝ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն»: Ավելին, մեկ շաբաթ առաջ, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն էր տրամադրում Թուրքիային, թուրքական կառավարությունը, աղետալի երկրաշարժի պայմաններում, ժամանակ գտավ դատապարտելու Մեքսիկայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

Հայաստանի կողմից 27 փրկարարների և 100 տոննա սննդամթերքի, դեղորայքի և օգնության այլ պարագաների ուղարկումը Թուրքիա վիճահարույց էր, քանի որ օգնությունը տրամադրվել է ոչ միայն չզղջացող թշնամուն և 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի պատճառած հայկական կորուստներից հետո, այլև ներկայումս Արցախում հումանիտար ճգնաժամի ընթացքում, երբ ադրբեջանական կողմը շրջափակել է Լաչինի միջանցքը, որին աջակցում է Թուրքիան։ Մինչ Արցախում 120 հազար հայեր դանդաղորեն սովամահ են լինում, ավելի քան 60 օր զրկված լինելով սննդից ու դեղորայքից, Հայաստանի վարչապետը, նախագահը և խորհրդարանի նախագահը, անտեսելով հայկական զգայունությունը, հայտարարեցին Թուրքիա օգնություն ուղարկելու մասին։ Նրանք միամտորեն շեշտում էին, որ իրենց մարդասիրական գործողությունը կօգնի խաղաղություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև։

Բնականաբար, երբ խոշոր աղետ է տեղի ունենում աշխարհի ցանկացած կետում, երկրների մեծ մասը շտապում է փրկել տուժածներին: Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները կարող էին մեղմել հանրության հակազդեցությունը, եթե ավելի նուրբ ձևակերպված հայտարարություն տարածեին Թուրքիային տրամադրվող օգնության վերաբերյալ՝ միաժամանակ ընդունելով, որ գիտակցում են արցախահայության ծանր վիճակը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

Կարևոր է, որ հայերը տարբերություն դնեն թուրքական կառավարության և թուրք ժողովրդի միջև: Հայաստանը և հայերն արդարացված պահանջ ունեն թուրքական կառավարությունից Ցեղասպանության ժամանակ հայերի կրած կորուստների համար, սակայն նրանք չպետք է թշնամացնեն թուրք անհատներին, որոնք որևէ դեր չեն խաղացել Ցեղասպանության մեջ, քանի որ նրանք նույնիսկ ծնված չեն եղել այդ ժամանակ։ Սակայն եթե որևէ թուրք ժխտում է ցեղասպանությունը և վիրավորում հայ նահատակների հիշատակը, ապա նա պետք է դատապարտվի ճիշտ այնպես, ինչպես ուրացող թուրքական կառավարությունը:

Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքներից մեկը Էրդողանի առանց այն էլ ցածր քաղաքական վարկանիշի անկումն է։ Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը թուրք փրկարարների մեծ մասին անարդարացիորեն ուղարկել է երկրաշարժի այն շրջանները, որոնք բնակեցված են նախկինում իր օգտին քվեարկած կողմնակիցներով։ Նա ենթարկվել է կոշտ քննադատությունների՝ երկրաշարժի մեծ թվով տուժածներին փրկելու թուրքական կառավարության դանդաղ գործողությունների պատճառով։ Էրդողանի կառավարության կոռուպցիոն գործելակերպի հետևանքով Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մահացել են հարյուրավոր վատ կառուցված բարձրահարկ բնակելի շենքերի փլուզման հետևանքով։ Պատշաճ կառուցված բազմաթիվ շենքեր չեն փլուզվել։

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականի մայիսի 14-ին՝ երեք ամիս անց։ Իմանալով, որ արդար կերպով վերընտրվելու իր հնարավորությունները ցածր են, Էրդողանը հավանաբար կհետաձգի ընտրությունները՝ ժամանակ տալով իրեն բարձրացնել իր վարկանիշը՝ հանդես գալով տարբեր հնաքներով։ Էրդողանի համար վերընտրվելը պարտադիր է, քանի ընտրություններում պարտվելու դեպքում, նա պարզապես չի կորցնի նախագահի պաշտոնը․ նա ռիսկի է դիմում իր մնացած կյանքն անցկացնել բանտում՝ իր և իր ընտանիքի զանգվածային կոռուպցիայի պատճառով:

Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի իշխանությունը պահելու համար։ Թեև նա օրինական իրավունք չունի հետաձգել ընտրությունները, սակայն դատական համակարգին կհրամայի որոշում կայացնել, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում ընտրությունների հետաձգումն օրինական է և արդարացված։

Էրդողանն արդեն շռայլ խոստումներ է տալիս իր հնարավոր ընտրողներին։ Նա երկրաշարժից փրկված միլիոնավոր անօթևան թուրքերի խոստացել է, որ կառավարությունը մեկ տարում նրանց անվճար բնակարաններ կտա։ Էրդողանը մոռանում է, որ իրավունք չունի նման խոստում տալու, քանի որ մեկ տարի անց նա կարող է չլինել Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև մեծ գումարներ կտրամադրի հանրությանը նրանց ձայները շահելու համար։ Թուրքիայի ավերված տարածքները վերականգնելու համար օտար երկրները և միջազգային ֆինանսական հաստատությունները միլիարդավոր դոլարներ կնվիրաբերեն, որոնք Էրդողանը շռայլորեն կբաժանի ընտրողներին՝ վերընտրվելու համար:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ