11 02 2023

Անհատույց տարածք՝ ՔՊ-ական պատգամավորի ՀԿ-ին․ Hraparak.am

Անհատույց տարածք՝ ՔՊ-ական պատգամավորի ՀԿ-ին․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

Դեռեւս անցած տարվա հունվարին «Ազգային կամուրջ» ՀԿ-ն 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կառավարության կողմից Երեւանի կենտրոնում տարածք ստացավ։ Խոսքն Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող տարածքի մասին է։ Տարածքի տրամադրումը հիմնավորվում էր նրանով, որ ՀԿ-ն պիտի զարգացնի ու փորձարկի գիտակրթական ծրագրեր եւ ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն՝ շնորհալի երեխաների եւ երիտասարդների համար։ Այդ որոշումից ուղիղ մեկ տարի անց փորձեցինք պարզել, թե ինչ աշխատանք է կատարել այս կազմակերպությունը շնորհալի երեխաների համար․ Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն ստեղծե՞լ են, գիտական ծրագրեր ու ուսուցման նորարարական մոդելներ փորձարկե՞լ են։

Նախ նշենք, որ նույնիսկ սույն որոշումից 1 տարի անց այս ՀԿ-ի մասին համացանցի բաց աղբյուրներում որեւէ տեղեկատվություն չկա, ո՛չ հեռախոսահամար ունեն, ո՛չ էլեկտրոնային հասցե, ո՛չ գրանցման հասցե, ո՛չ էլեկտրոնային կայք, ո՛չ էլ նույնիսկ ֆեյսբուքյան էջ։ Մամուլում եւս որեւէ հրապարակում չկա, թե ինչ գործունեություն է ծավալել այս ՀԿ-ն 1 տարվա ընթացքում։ Պարզվում է, որ այս հասարակական կազմակերպության նախագահն Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։ Այդ մասին նշում կա պատգամավորի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում։ Հակոբ Ասլանյանից փորձեցինք ճշտել, թե ինչ գործունեություն է ծավալում իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը, սակայն նա եւս մեր հարցերին չպատասխանեց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ