«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինեն»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում և ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հասկացրել է, բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը «մեկնեն», պնդել է, որ Ադրբեջանի «հիմնական պարտքը հայերին վտարելն է մեր հողերից», «այս հողում ադրբեջաներենն է իշխելու»։
«Շրջափակումը, գազամատակարարման, էլեկտրամատակարարման դադարեցումները հատուկ նախատեսված են հանգեցնելու այդ հետևանքին»,- ասաց Ե. Կիրակոսյանը։
Նա մեկ այլ մեջբերում արեց Ալիևից, որի ասածի հիմնական իմաստն այն է, որ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից։
«Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է»,- դիմելով դատարանի դատավորներին՝ ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Ըստ նրա, Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին խեղդելու անկախ դրա մարդկային գնից։ Նա հայտնեց, որ 1 մարդ արդեն մահացել է բուժօգնության բացակայությունից և բազում շատերը նմանօրինակ բախտի ռիսկի են արժանացել:
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը՝ խանութները դատարակ են, սնունդը տրամադրվում է քարտերով, դեղամիջոցների ու բժշկական պարագաների պակաս կա, ձեռնարկությունները չեն գործում, գազամատակարարումը բազմաթիվ անգամներ ամբողջովին դադարեցվել է, էլեկտրական ցանցերի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող ու երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, շատ երեխաներ արդեն 50 օր է բաժանված են իրենց ընտանիքներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը