ԱԺ-ն քննարկում էր Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։ Վարման կարգով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի ՀՊ անդամի քվեարկությանը։ Արձագանքելով Արծվիկ Մինասյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցադրեց ․ «Ինչո՞ւ մեր նիստերի օրակարգերին դեմ եք քվեարկում»՝ մեղադրանքներ հնչեցնելով ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցութունների հասցեին։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «աբսուրդ» է որակում ԱԺ-ում ընդդիմադիրների քվեարկության ձևը։
«Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ, ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ», - ԱԺ-ում հայտարարեց Ռուբինյանը։
Նա ընդգծեց՝ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որ չզրկվի աշխատավարձից։
«Սա քաղաքական աբսուրդ է», - հավելեց Ռուբինյանը։
Ռուբինյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
« Հարգելի քաղաքացիներ հենց նոր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից փորձ է արվում հերթական մանիպուլյացիան նետել դաշտ՝ փորձելով քվերակողների աունից, մեզնից՝ մեր քվեարկության վերաբերյալ բացատրություն ակնկալել ։ Առնվազն, պարոն Ռուբինյան, Դուք մեզ չեք քվեարկել․ եթե «Հայաստան» դաշինքին եք քվեարկել հրապարակային ասեք, մենք շատ շնորհակալ կլինենք և բացատրություն կտանք Ձեզ ։ Ինչ վեաբերվում է պատգամավորների քվերակությանը , նրանց ազատ կամքի արտահայտմանն ու համոզմունքին Դուք հենց հիմա ցույց եք տալիս երկրորդ իրական դեմքը, այն է, որ փորձելու եք մանիպուլյացիաների միջոցով ներկայացնել ԱԺ նիստերում մեր մասնակցությւոնը։ Կա մի շատ պարզ բան․ աշխատավարձի և պարգևատրումների թիվ մեկ ջատագովը դուք եք , անընդհատ ձեզ պարգևատրելու մոլուցքը ձեր մեջ է եղել, ոչ թե՝ մեր։ Եվ, պարոն Սիմոնյան, ընտրությունների կեղծման մասին մեզ՝ Դաշնակցությանը մեղադրելը մեղք է։Իսկ հիմա հակադարձ հարց եմ ուղղում․ ձեզ․ ինչո՞ւ եք դուք կողմ քվեարկում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փաթեթին, որը կիսատ-պռատ է, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտված նախագիծ է»։
Արձագանքելով , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան, Ձեր իրավասությունների ու լիազորությունների մեջ չի մտնում քվեարկությունները մեկնաբանելը, եթե ելույթի ու վարման կարգով իրավունք ունեք դիմեք նախագահողին, թույլտվություն ստացեք և նոր մեկնաբանեք»,- դիմելով Ռուբեն Ռուբինյանին ասաց Արթուր Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը