05 12 2022

Կողմերը միմյանց հետ են աշխատել․ Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին

Կողմերը միմյանց հետ են աշխատել․ Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին

168․am-ը գրում է․ Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։


«Այսպիսով, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ հայկական կողմն այդ փոխանցումը Կարմիր խաչի միջոցո՞վ է իրականացրել, թե՞ առանց միջնորդի է գործընթացը տեղի ունեցել։


Զառա Ամատունու խոսքով՝ գործընթացն առանց Կարմիր խաչի մասնակցության է տեղի ունեցել։

«Կարող եմ ասել, որ կողմերն այս ուղղությամբ միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել կոնկրետ այս գործողության մեջ։ Այս պահին որևէ հաստատում չունենք մեր մասնակցության վերաբերյալ»,- նշեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 28-ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցած 13 հայ զինծառայողների դիերին, որոնք զոհվել էին սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով, և այդ գործընթացում Կարմիր խաչի մասնակցությանը, Զառա Ամատունին ասաց, որ այդ վերջին գործընթացում Կարմիր խաչն ընդգրկված է եղել, որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն մասնակցել է՝ ներկա գտնվելով, որն իրականացվել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև։

Հարցին՝ Կարմիր խաչը տեղյա՞կ է, թե ինչո՞ւ է հայկական կողմին փոխանցվել 13 զինծառայողների դիեր, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր 16 զինծառայողների մասին, Զառա Ամատունին պատասխանեց.

«Ես չեմ կարող մեկնաբանել այդ հանրային հարցը, կարող եմ միայն ասել, որ բոլոր այս հարցերով ու բոլոր այդ ուղղություններով աշխատանքները, որոնք պետք է արվեն՝ մենք ընդգրկված ենք։ Բնականաբար, այդ առումով և՛ ընտանիքների, և՛ իշխանությունների հետ կապի մեջ կլինենք։ Այսինքն՝ հարցը մենք մեր մասով ուշադրության կենտրոնում ենք պահում, սակայն այդ առումով հանգամանքները չենք կարող մեկնաբանել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ