Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա մասնավորապես, գրել է.
«Պատահական չէ, որ օրեր առաջ, ադրբեջանական քարոզչական ալիքներում հանքի բեռնատարների լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նաև նշվում էր, որ հայերն ապօրինի շահագործում են հանքերը։
Ի դեպ, Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ էր շրջանառում իրանական դիվերսիոն խմբերի Արցախում գտնվելու վերաբերյալ։
Ինչևէ, Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններում, Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի։
Իրականում Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի, դա լավագույնս գիտակցում են նաև Մոսկվայում։
Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը