Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչները քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով գնացին ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։
ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց. «Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում եւ Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների: Մենք այսօր ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետեւանքով 4-5 զոհ եղավ, դեռ դա չվերջացրած, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը եւ Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա, իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից, նրանք գտնվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, թե Իրանում: Բայց աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են:
Այսօր մենք քուրդ ժողովրդի 4 մասերին կոչ ենք անում, որ միասնական դառնան եւ թուրքական այս ցեղասպանության դեմն առնեն: Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակից, աշխարհի առաջադեմ մարդկությանը, որ ձեռք մեկնեն ու բռնեն թուրքական իշխանության ցեղասպան ձեռքը, որ ոճնագործություն է անում 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը